Զինծառայողի զոհվելու հարցով արդարանալու համար ես որևէ մեկին պաշտոնից չեմ ազատի. ԼՂՀ Պաշտպանության նախարար
«Որևէ կարգ չկա, որ բանակում կատարված ամեն ինչի մասին պետք է տեղեկացնեմ: Մենք ասում ենք այն տեղեկությունները, որոնք հասարակության համար որոշակի հետաքրքրություն են ներկայացնում», -այդ մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ վերջին շրջանում բանակում կատարված զինվորականների մահվան մի քանի դեպքերի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել:
Նշենք, որ մասնավորապես, չէր հաղորդվել ԼՂՀ ենթասպաներից մեկի մահվան ու շարքային զինծառայող 19-ամյա Արսեն Հովհաննիսյանի վիրավորման մասին տեղեկությունները:
Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ Արսեն Հովհաննիսյանը 9-րդ պաշտպանական շրջանի զինծառայող է եղել, վիրավորում է ստացել համածառայակցի արձակած կրակոցից: «Արսեն Հովհաննիսյանին կրակելու համար կա կալանավորված մեկ զինծառայող, որն ինքն իր ցուցմունքում է ասել այդ մասին», -հավելեց նախարար Հակոբյանը: Ըստ որոշ տեղեկությունների, Արսեն Հովհաննիսյանին վիրավոր վիճակում Արցախից ուղղաթիռով են տեղափոխել Երևան, զինվորական հոսպիտալ, որտեղ երիտասարդը վիրահատության էր ենթարկվել:
Ինչ վերաբերում է ենթասպային, ապա նա մահացել է սրտի կաթվածից: «Նա մի անգամ կաթված տարել է, բայց չի իմացել այդ մասին, սակայն երկրորդը եղել է մահացու: Նա մեր ձեռնամարտի հրահանգիչն էր և ոչ մեկիս մոտ կասկած չի եղել, որ կարող է ունենալ խնդիրներ», -ներկայացրեց նախարարը:
Նախարարի տվյալներով, այս կիսամյակում 18009 զինծառայող (սպաներ, ենթասպաներ, պայմանագրային զինծառայողներ) խրախուսանքի է արժանացել, իսկ 4539 զինծառայող էլ կարգապահական տույժ է ստացել. այս թվում սպաները 550-ն են եղել: Այս տարի բանակում, ըստ Մովսես Հակոբյանի, արտակարգ պատահարները նվազել են, մասնավորապես երկու անգամ կրճատվել են մահվան ելքով դեպքերը, իսկ վիրավորումների դեպքերը եղել են 15-ը` նախորդ տարվա 22-ի համեմատ:
Հարցին, թե բանակում արձանագրված մահվան կամ վիրավորումների դեպքերի հետքերով որևէ բարձրաստիճան զինծառայող արդյո՞ք պատասխանատվության ենթարկվում է, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ որևէ զինծառայող չի ազատվի պաշտոնից, եթե ինքը դրա համար մեղավոր չէ: «Ձեր այդ ցանկությունը երբեք իրականություն չի դառնա», -լրագրողներին ասաց Հակոբյանը:
Բանակում մահվան դեպքերի հետ կապված նախարարը հորդորում է` «չարանալ պետք չէ»: «Եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի և որևէ մեկին չպետք է խնայել: Պատժվում են ու շատ խիստ են պատժվում: Բայց սպասել, որ դժբախտության ժամանակ, զինծառայողի զոհվելու հարցով արդարանալու համար ես որևէ մեկին պաշտոնից կազատեմ, այդպես չեմ արել ու երբեք չեմ անի: Ես երբեք չեմ արդարանում: Ես անելու եմ այն, ինչ գտնում եմ ճիշտ», -հայտարարեց Մովսես Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները