ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել պատմության մեջ խոշորագույն կիբերհանցագործներին
ԱՄՆ-ի իշխանությունները համակարգչային ցանցեր կոտրելու և մեքենայության համար մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի հինգ քաղաքացիների և մեկ ուկրաինացու: Ինչպես նշում է հետաքննությունը՝ խոսքը «պատմության մեջ խոշորագույն կիբերհանցագործություններից մեկի մասին է»:
«Կոմերսանտ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ենթադրյալ կիբերհանցագործներին հաջողվել է կոտրել NASDAQ էլեկտրոնային բորսայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն առևտրային ցանցերի ու առաջատար բանկերի անվտանգության համակարգերը: Արդյունքում գողացվել են 160 մլն կրեդիտային քարտերի տվյալներ և 800 հազար բանկային հաշիվներից դուրս են բերվել գումարներ:
Մեղադրյալներից մեկը՝ Մոսկվայի բնակիչ Դմիտրի Սմիլյանեցը, ով «Moscow Five» կիբերսպորտային նախագծի հեղինակն է, ներկայացել է Նյու Ջերսի նահանգի դատարան: Նա անցյալ տարի ԱՄՆ պահանջով ձերբակալվել է Նիդեռլանդներում և երեք ամիս անց արտահանձնվել է ԱՄՆ: Դատարանում նա չի ընդունել մեղադրանքը: Վերջինիս հետ միասին ձերբակալվել է մեկ այլ մեղադրյալ, սակայն նրան արտահանձնելու որոշում դեռ չի կայացվել:
Մնացած չորս մեղադրյալները՝ մոսկվացիներ Նիկոլայ Նասենկովի, Ռոման Կոտովի, սանկտպետերբուրգցի Ալեքսանդր Կալինինի և Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Ռիտիկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քննությունը համարում է, որ նրանց մեքենայությունների զոհ են դարձել խոշորագույն արևմտյան ընկերություններ, այդ թվում՝ 7-Eleven, JC Penney ամերիկյան առևտրային ցանցերը, ֆրանսիական Carrefour SA-ը, JetBlue ավիաընկերությունը, վճարային քարտերի Visa Inc. կորպորացիան, ինչպես նաև Citibank-ն ու բելգիական Dexia բանկը: Վնասի հստակ թվեր չեն նշվում, հայտնի է սոսկ, որ հակերների գործողությունների արդյունքում միայն երեք ընկերություն կորցրել է 300 մլն դոլարից ոչ պակաս միջոցներ:
«Կոմերսանտը» գրում է, որ Ռուսաստանում բնակվող հակերները կարող են «չանհանգստանալ» ԱՄՆ-ի հետապնդումից, քանի որ համապատասխան իրավական ոլորտներում պայմանագրերի բացակայության պատճառով պետությունները փաստացի չեն համագործակցում և չեն հանձնում այս կամ այն կողմից մեղադրվող կամ կասկածվող անձանց: Ավելին՝ եթե մեղադրյալները ՌԴ քաղաքացիներ են, ապա Ռուսաստանի սահմանադրության համաձայն արգելվում է նրանց արտահանձնումը այլ պետություններ: ԱՄՆ օրենսդրությամբ մեղադրյալներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան