«Կարծես թե դարձել եմ ես տուն». Ջավախքում 46-րդ անգամ նշում էին տերյանական օրերը (լուսանկարներ)
Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղը այս օրերին մարդաշատ էր: Չնայած անձրևոտ եղանակին, ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարբեր շրջաններից այսօր մարդիկ շտապում էին մասնակցել Ջավախք աշխարհի պանծալի զավակ Վահան Տերյանին ու նրա ստեղծած պոեզիային նվիրված միջոցառմանը` տերյական պոեզիայի օրվան:
Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա վերջին հանգստյան օրը նշվում է տերյանական պոեզիայի օրը: Գանձա գյուղից քիչ հեռու գտնվող սարի ստորոտում կազմակերպված դաշտահանդեսի ներկաները հաղորդակից դարձան Տերյանի արվեստին: Ելույթ էին ունենում Ջավախքի տարբեր շրջաններից պարախմբեր, հնչում էր Տերյանի բանաստեղծությունները, դրանց հիման վրա գրված երգերը:
Միջոցառմանը հետևում էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի պատվիրակությունը` ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, վրացական պատվիրակությունը` Վրաստանի մշակույթի փոխնախարարի ղեկավարությամբ: Ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:
«Համաժողովրդական տոնակատարություն է: Տոն է նրանց համար, ովքեր սիրում են Տերյանի պոեզիան, մեծարում են նրան: Միշտ մարդաշատ է այստեղ, բնակչությունը սիրով է գալիս: Չնայած առկա մարտահրավերներին, հայ մարդը ամուր կառչած է իր արմատներին: Տերյանական, ջիվանական օրերը մշակույթի այն հենասյուներն են, որոնք հայ մարդուն հայ են պահում: Կարևոր է, որ հայ մարդը պահպանի իր արմատները, հարազատ մնա իր արմատներին»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Տերյանական պոեզիայի օրերը սպասված տոն են հենց տեղացիների համար: Վաղ առավոտից նրանք շտապում էին դեպի իրենց սիրելի բանաստեղծին, իրենց համագյուղացուն, իրենց համերկրացուն նվիրված տոնակատարությանը` շուրթերին Տերյանի պոեզիան:
Նախքան դաշտահանդեսի մեկնարկը, Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում տոնական սուրբ պատարագ մատուցվեց: Պատարագիչն էր Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին Վահան Տերյանի պապիկի` տեր Գրիգորի նախաձեռնությամբ:
«Այս եկեղեցում է սկսել քայլել Վահան Տերյանը, այս եկեղեցու մկրտարանում է մկրտվել բանաստեղծը»,- դիմելով պատարագին ներկաներին` ասաց քահանան: Նա հույս հայտնեց, որ մինչև հաջորդ տերյանական օրերը եկեղեցին կունենա իր քահանան. «Գանձան մեծ գյուղ է, ունի երկու դպրոց, մանկապարտեզ, բայց եկեղեցին մինչ օրս չունի քահանա»,- ցավով նշեց տեր Արմաշը:
Եկեղեցու հարևանությամբ գտնվում էր Տերյանի տունն ու թանգարանը: Նույնպես մարդաշատ էին: Մարդիկ հուզված, նաև հիացմունքով էին նայում Տերյանի իրերին, կահկարասուն` մի սենյակից անցնելով մյուսը:
Տերյանական պոեզիայի օրերը ևս մեկ լավ առիթ է հարգանքի տուրք մատուցելու հայ քնարերգու Վահան Տերյանի հիշատակին, ով իր անկրկնելի պոեզիայով վառ հետք է թողել հայ գրականության պատմության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան