«Masterpeace» խաղաղության միջազգային շարժումը Հայաստանում. Մշակույթի միջոցով` խաղաղության գաղափարի շուրջ
«Masterpeace» խաղաղության միջազգային շարժումը 2014 թվականի սեպտեմբերի 21-ին նախատեսում է մեկ վայրում հավաքել աշխարհի տարբեր երկրների երգիչ-երաժիշտներին և արվեստի, երաժշտության, ստեղծագործական աշխատանքների միջոցով խաղաղության պահպանման գաղափարի շուրջ միավորել միլիոնավոր մարդկանց:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Masterpeace» խաղաղության միջազգային շարժման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արշալույս Գասպարյանը:
Նրա խոսքերով` համերգին նախատեսվում է 40 երկրների ներկայացուցիչների մասնակցություն, այդ թվում` Հայաստանի: Համերգի նպատակն է ցույց տալ, որ կոնֆլիկտային երկրները մշակույթի միջոցով կարող են միմյանց հետ բանակցել:
Նշենք, որ շարժումն ունի բազմաթիվ ակումբներ աշխարհի 40 երկրներում, որից մեկն էլ 2012թ-ից գործում է Հայաստանում. հայաստանյան գրասենյակը բացվել է Գյումրիում:
Ա.Գասպարյանը նշեց, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում «Masterpeace»-ը Շիրակի մարզում բավականին մեծ աշխատաքներ է իրականացրել: 2013թ-ին նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մնացած մարզերում, ինչպես նաև` Երևանում: Այդ նպատակով «MasterPeace»-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել է տեղեկատվական սեմինար, որի ընթացքում մարզերից և Երևանից ժամանած երիտասարդները ծանոթացել են կազմակերպության գործունեությանը, խաղաղության միջազգային շաժմանը, ապագա ծրագրերի, ինչպես նաև կազմակերպությանն անդամակցելու հետ կապված խնդրիների հետ: Սեմինարի ընթացքում տեղի են ունեցել դասընթացներ, որոնք վերաբերել են կոնֆլիկտների հաղթահարմանը, հանդուրժողականությանը և այլն:
Ա. Գասպարյանի խոսքերով` «MasterPeace»-ն ունի չորս կարևորագույն ուղերձ. երկխոսությունը` քննադատության փոխարեն, երաժշտությունը` կռվի փոխարեն, արարել` ոչնչացնելու փոխարեն և հաց` արկերի փոխարեն: «Այսինքն` մշակույթի միջոցով ուզում ենք մարդկանց համախմբել խաղաղության գաղափարի շուրջ: Թիրախն ավելի շատ կոնֆլիկտային երկրներն են հանդիսանում»,- ասաց Ա.Գասպարյանը:
Անդրադառնալով այս տարվա ծրագրերին, «MasterPeace»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ սեպտեմբերի 21-ին` Խաղաղության Միջազգային օրվան նվիրված, նախատեսվում է անցկացնել վելոտրեկի մրցաշար, որին կմասնակցեն Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները: «Այդ մրցաշարի միջոցով ներկայացնելու ենք, որ Հայաստանը խաղաղասեր երկիր է և համամիտ ենք, որ մեր մշակույթի միջոցով տարածենք խաղաղության գաղափարը»,- ընդգծեց նա: