Հեպատիտ C-ն շարունակում է Հայաստանում հիմնախնդիր մնալ
Հուլիսի 28-ը Հեպատիտների համաշխարհային օրն է: Վիրուսային հեպատիտներն աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են, այդ թվում և մեր երկրում:
Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2012-ին` 3.0: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:
Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2012-ին` 1.9: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 տոկոս, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում ` 98 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.1-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:
Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են հեպատիտների տարածվածության ընտրանքային հետազոտություններ ռիսկի խմբերում։ Պարզվել է, որ հետազոտված առողջ բնակչության շրջանում գրանցվել է հեպատիտ Բ-ով և Ց-ով վարակվածության ցածր մակարդակ: Համաձայն այդ հետազոտությունների` հեպատիտներով վարակվածության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել տուբերկուլոզով հիվանդների շրջանում:
ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում հետագայում վիրուսային հեպատիտների կանխարգելումն և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները