Երևանում բացվել է «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հատկապես վերջին տարիներին նպատակամիտված քայլեր է կատարում մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտը անորոշ ու երկար որոնումային թմբիրից դուրս բերելու և հայրենական արտադրողներին զորակցելու ուղղությամբ։
Այդ նպատակով, ինչպես հայտնում են միության լրատվական ծառայությունից, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը ստեղծել է Թեթև արդյունաբերության ճյուղային միություն, որը անցած մեկ տարում արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումներով, քննարկումներով ու բանավեճերով, այցերով և ընդհանրական խնդիրների բարձրացմամբ Կառավարության ուշադրությունը բևեռել ոլորտի զարգացմանը։
Եվ ահա կատարվել է երկար սպասված քայլերից մեկը։ Թեթև արդյունաբերության ճյուղային միությունը բացել է Հայաստանում թեթև արդյունաբերական արտադրանքի «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, ուր վաճառվում են միայն մեր հանրապետությունում արտադրվող բարձրորակ հագուստ, կոշիկ, գուլպեղեն և այլն։
Ըստ միության` հետաքրքրությունը մեծ է, գնորդներին բացատրելու հարկ չի լինում։ Նրանք հրաշալի տարբերում են մեր վարպետների պատրաստած բարձրորակ արտադրանքը հատկապես Թուրքիայից և Չինաստանից կիլոգրամներով ներկրվող էժանագին, բայց շուտ շարքից դուրս եկող ապրանքներից։
«Պակաս կարևոր չէ նաև բարոյական գործոնը։ Այս արտադրանքը գնելով՝ մենք զորակցում ենք հայրենական արտադրողին, նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ դրան ածանցյալ բոլոր դրական հետևանքներով»,- նշում են ՀԱԳՄ-ից:
Մասնագիտացված խանութը գործում է իգրան Մեծի 20 հասցեում՝ «Տաշիր» հանրախանութի դիմաց և «Սիլ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող նորաբաց սրահում, որտեղ վաճառվում են «ՏՈՍՊ». «ԼՅՈՒՔՍ», «ԼԻԴԱ», «ՄԵԼԱՆՏԵ» և «ԱՐՏՍՈՔՍ» ընկերությունների արտադրանքը։ Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ սրահներ կբացվեն նաև հանրապետության այլ բնակավայրերում։