Ջիբրալթարի շուրջ Իսպանայի ու Բրիտանիայի հակամարտությունը նոր շրջան է թևակոխել
Բրիտանիայի իշխանությունները Մադրիդին բանավոր բողոք են հայտնել առ այն, որ Իսպանիայի ու Ջիբրալթարի սահմանին բազմաժամանոց հերթեր են գոյանում: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
Միացյալ թագավորության ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հեռախոսով կապվել է իր իսպանացի կոլեգա Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ և հայտնել իր ծայրաստիճան դժգոհությունը` կապված Իսպանիայի իշխանությունների գործողությունների և Ջիբլարթարի սահմանին ստեղծված իրավիճակի հետ:
Նշենք, որ օրերս Իսպանիայի սահմանապահ ծառայությունները խստացրել են թերակղզին լքող մեքենաների նկատմամբ հսկողությունը: «Մարդիկ ստիպված են լինում սահմանն անցնելու համար վեց ժամ սպասել»,- աղբյուրի փոխանցմամբ, ասվում է BBC-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին Իսպանիայի թագուհի Սոֆիան հայտարարել էր Ելիզավետա 2-րդի թագավորության ադամանդե հոբելյանին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար Լոնդոն կատարելիք ուղևորությունը չեղյալ հայտարարելու մասին: Դրա պատճառը միջերկրածովյան Ջիբրալթար ամրոցի ստատուսի շուրջ երկու երկրների հակասություններն էին:
Ջիբրալթարը Պիրենեյան թերակղզում գտնվող բրիտանական տարածք է, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ռազմաբազան: Ջիբրալթարը 1704 թվականին գրավել էին անգլիական ու հոլանդական զորքերը, այնուհետև 1713 թվականին Իսպանիայի կողմից այն պաշտոնապես հանձնվել էր Մեծ Բրիտանիային: Մադրիդն այժմ ձգտում է Պիրենեյան թերակղզու այդ հատվածի ապագաղութացման, իսկ Լոնդոնը անշեղորեն հրաժարվում է այդ հարցի քննարկումից: