Գորիսի նախկին քաղաքապետը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրանի քաջագործությունների և նրա «գժի թղթի» մասին
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով, իր խոսքով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու վերջինիս եղբայրների հանցագործություններին ու ապօրինություններին, պատմել է, թե ինչպես Ս. Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը կրակել և ցանկացել է սպանել մի երիտասարդի, սակայն նրան «գժի թուղթ» տալով ազատել են պատասխանատվությունից:
Այլ մանրամասներ պատմելով և նշելով, որ Սեյրան Խաչատրյանի որդին ունի գիշերային ակումբ, որը եկամուտներ է բերում նրան, ապա դիմելով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, Ս. Հարությունյանը մասնավորապես նշել է. «Ուղղակի ապշեցուցիչ է՝ Գագի՛կ Խաչատրյան, ինչու եք քնած, 18 տարիների ընթացքում մի՞թե չկարողացաք հայտնաբերել: Մի փոքրիկ հանցանքի համար կորած մեկին, մարդկանց տանում-դատապարտում եք, զրկում եք եկամտի հնարավորությունից: Ի՞նչ է, Խաչատրյանների արյունն ավելի կարմիր է, քան ՀՀ մյո՞ւս քաղաքացիներինը:
Նույնը վերաբերում է իրավապահ համակարգի ղեկավարներին, որոնք այսօրվա վիճակով շարունակում են Սուրիկ Խաչատրյանի՝ տխրահռչակ Լիսկայի և նրա բանդայի բազում հանցանքների նկատմամբ իրենց հանցավոր անգործությունը: Գուցե նրա համար նրան չեք կանգնեցնում օրենքի առաջ, որպեսզի իմ, այլոց, գուցե Արտակ Բուդաղյանի, գուցե այլ քաղաքացիների նկատմամբ Սուրիկ Խաչատրյանը, գժի թուղթ ունեցող նրա եղբայր Աղալարը, նրանց մարդասպան, նրանց թմրամոլ, ոճրագործ զավակները, բանդայի մյուս անդամները պետք է այլ ոճիրներ էլ կատարեն, որպեսզի հագենաք այդ ամենով և դրանից հետո՞ որեւէ մեկին կանգնեցնեք քրեական պատասխանատվության առաջ»: