«Независимая Газета»: Ադրբեջանի ընդդիմությունը Վրաստանին անելանելի դրության մեջ է դրել
Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդների և սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի` Թբիլիսիում կազմակերպած հանդիպումների պատճառով Վրաստանի իշխանությունները հայտնվել են անելանելի դրության մեջ, հայտնում է «Независимая Газета» օրաթերթը:
Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսեցկին կարծում է, որ վերջին իրադարձությունները միանշանակ ստվեր կգցեն վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա: Ըստ Ռուսեցկու` «Վերջին շրջանում դրանք առանց այդ էլ անորոշ են դարձել: Խոսքը մասնավորապես չկարգավորված սահմանային խնդիրների մասին է: Վերջերս Դավիթ Գարեջայի վանական համալիրն այցելած ևս մի խումբ Վրաստանի քաղաքացիներ ձերբակալվել են ադրբեջանական սահմանապահների կողմից: Բաքուն վրդովված է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի`Վրաստանի տարածքում իրականացվող աշխատանքների պատճառով, մինչդեռ երկաթգծի շահագործումը սկսելու ժամկետն արդեն ավարտվել: Միևնույն ժամանակ, Վրաստանի նոր ղեկավարությունն այդքան էլ շոյված չէ այն ընդունելություններով, որոնք կազմակերպում է ադրբեջանական կողմը Վրաստանի նախկին իշխանական կուսակցության համար»:
Ըստ «Turan» լրատվական գործակալության` Ադրբեջանական պատվիրակությունը կազմված է վեց կուսակցությունների ղեկավարներից և Իբրահիմբեկովի հետ քննարկելու է Ադրբեջանի նախընտրական իրադրությունը և Իբրահիմբեկովի` Բաքու ժամանելու պլանը:
Վրաստանի իշխանությունները չեն կարող արգելել ադրբեջանցի քաղաքական գործիչների մուտքը Վրաստան, սակայն Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններում ավելի մեծ լարվածությունը ևս չի մտնում Վրաստանի շահերի մեջ: Ռուսեցկին չի բացառում Վրաստանում ադրբեջանական սփյուռքի օգտագործման սցենարը, որտեղ «սփյուռքը վրդովմունք կհայտնի Ադրբեջանի նախագահի հակառակորդների այցելության կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ Ռուստամ Իբրահիմբեկովն առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրվել որպես միասնական ընդդիմադիր թեկնածու: Առաջադրմանը նախ խոչընդոտում էր Իբրահիմբեկովի ռուսական քաղաքացիությունը, որից սցենարիստն արդեն հրաժարվել է, այնուհետև շրջանառվեց այն փաստը, որ Իբրահիմբեկովը վերջին շրջանում չի ապրել Ադրբեջանում: Վերջնական արգելքը ընդդիմադիր թեկնածուի դեմ հարուցված քրեական գործն է, որը հիմնված է պետական միջոցների իրացման մեղադրանքի վրա: Այդ մեղադրանքի պատճառով Իբրահիմբեկովն այժմ չի կարող վերադառնալ Ադրբեջան, որտեղ նրան արդեն ձերբակալություն է սպասում:
«Turan» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ այդ արգելքի պատճառով Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ընդդիմադիր գործիչները պատրաստվում են հանդիպել իրենց առաջնորդի հետ Վրաստանում, որտեղ էլ այս պահին գտնվում է Ռուստամ Իբրահիմբեկովը:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն իրավիճակը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Ընտրություններում Իբրահիմբեկովի բացակայությունը կասկածի տակ կդնի դրանց օրինականությունը: Նրա հետ կապված դրությունը շատ բնորոշ է Ադրբեջանի քաղաքական համակարգին: Մեր իշխանությունները չեն ընդունում այն, որ համաշխարհային հանրությունն ապրում է ժողովրդավարական արժեքներ և ավանդույթներ դավանելով, իսկ նրանց անկեղծ հարգանքին արժանանալու համար պետք է հետևել միայն այդ ժողովրդավարական չափանիշներին»: