Ա.Յունուսով. Պուտինի այցի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունն ապատեղեկատվություն է տարածում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարելիք այցը պաշտոնական Բաքուն ներկայացնում է՝ որպես երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլ: «Ազադլիգ»-ի հաղորդմամբ, «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն կարծիք է հայտնել, որ Պուտինի այցն Ադրբեջանի իշխանությունը փորձելու է ծառայեցնել սեփական շահին:
«Բաքվում Պուտինին կխնդրեն առաջիկա նախագահական ընտրություններում չխոչընդոտել Ալիևին և չաջակցել Իբրահիմբեկովին: Ես այդ հանդիպումների հարցում այդքան էլ լավատես չեմ, քանի որ Պուտինը կարող է որոշակի պահանջներ ներկայացնել՝ ներառյալ Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական ու Մաքսային միությանն, ինչին Ադրբեջանը չի կարող համաձայնել: Բաքուն չպետք է նման քայլի գնա գոնե մինչև ընտրություններ, հակառակ դեպքում՝ սպառնում են լուրջ վտանգներ, որոնք Ադրբեջանին կախման մեջ կգցեն Ռուսաստանից», - նշել է փորձագետը:
Կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովն, իր հերթին, նշել է, որ Բաքվում Պուտինի այցի մասին հստակ տեղեկատվություն առայժմ չկա: Նույնիսկ եթե այցը կայանա, այն երկկողմանի հանդիպման բնույթ չի կրի: Ռուսաստանի ղեկավարը մասնակցելու է Մերձկասպյան երկրների գագաթաժողովին. «Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նույնպես մասնակցելու է գագաթաժողովին: Այցի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի պաշտոնական դեմքերը աղմուկ են բարձրացնում, թե այցի նպատակը երկկողմանի հանդիպման անցկացումն է, սակայն դա այդպես չէ», - ընդգծում է կոնֆլիկտաբանը: