Ադրբեջանում 4000 քաղաքացիների դիմել են Ի. Ալիևին՝ «Ты кто такой, давай, до свидания» տեսանյութի հեղինակին ազատ արձակելու համար
«Youtube»-ում տեսանյութ է տեղադրվել, որից տեղեկանում ենք, որ «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովը կարողացել է հավաքել 4000 ադրբեջանցիների ստորագրությունները, և նրանք դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` վերջինս ազատ արձակելու պահանջով:
Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է 2012 թվականի հունիսի 21-ին` Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով: Մամեդովը կարծում է, որ իրեն հետապնդելը պայմանավորված է իր կողմից համացանցում «Ты кто такой, давай, до свидания» տեսանյութի տեղադրմամբ:
«Հիլալի Մամեդովը զրկված է արդյունավետ իրավական պաշտպանությունից: Դատավոր` Ազեր Օրուջովը, թույլ չի տալիս, որ լրագրողը իր անմեղությունն ապացուցի, ընդհատում իր ելույթները, խոչընդոտում նրա փաստաբանական հարցերին և բացահայտ պաշտպանում վկաների մեղադրանքները», - նշել է «Ազերի թալիշական միավորման» նախագահ Մեհդիբեյ Սաֆարովը:
«Մենք Հիլալ Մամեդովի ապօրինի ազատազրկումը համարում ենք մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների դեմ ուղղված քայլ... Պարոն նախագահ, խնդրում ենք Ձեզ, նախագահական ընտրություններին ընդառաջ, մարդասիրական քայլ կատարել և օժանդակել Մամեդովի ազատ արձակմանը»,-նշվում է Ալիևին հասցեագրված հանրագրում: