Իսպանական «Fronterad» թերթը Ադրբեջանը համեմատել է Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հետ
Հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հանդեպ միջազգային մամուլի ուշադրությունն ավելի է մեծանում: Իսպանական «Fronterad» թերթը Ադրբեջանը համեմատել է Սիրիայի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի հետ` ընդգծելով, որ այդ երկրներում իշխանությունը նույնպես ժառանգաբար է փոխանցվում:
«Այստեղ իշխանությանը քննադատողներին բանտ են գցում, ընտրություններին ձայներ են գողանում, քաղաքացիների սեփականությունը բռնի ուժով քանդում են և դրանց տեղը պետության ղեկավարի ճաշակով անիմաստ օբյեկտներ են կառուցում: Facebook-ում իշխանությանն ուղղված քննադատությունը ձերբակալության պատճառ է դարձել, մարդկանց բնակարաններում թաքնված տեսախցիկներ են տեղադրում և շանտաժի ենթարկում», - գրում է թերթը` նշելով, որ Ադրբեջանի դատական համակարգը կախված է իշխանություններից, ում հրահանգներով էլ կայացվում են որոշումները:
Ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբբասովն, ով նախորդ տարի հալածվում էր իշխանության կողմից, հայտնում է. «Եթե դու գրում ես իշխանության հետ առնչվող անձանց կոռուպցիոն գործունեության մասին, ապա անպայման կպատժվես»:
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանության վարած «խավիարային դիվանագիտությանը»` թերթը նշում է, որ մի շարք օտարերկրյա խորհրդարաններ և կազմակերպությունների ղեկավարներ ընկնում են Ադրբեջանի իշխանությունների այդ դիվանագիտության ազդեցության տակ և անտեսում են երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Ադրբեջանի կառավարությունը, իր նավթը, գազը և խավիարն օգտագործելով, շատերին ստիպում է լռել, գրում է թերթը:
Թերթը նշում է, որ աշնանը կայանալիք ընտրությունների նախօրեին Ադրբեջանի իշխանության կողմից աճող հալածանքների և կամայականությունների դեմ ուղղված բողոքի ալիքն ավելի է ուժգնացել՝ ինչպես Բաքվում, այնպես էլ երկրի այլ շրջաններում: