Վրաստանի Գորի քաղաքում կվերականգնվի Ստալինի հուշարձանը
Վրաստանի մշակույթի նախարարության որոշմամբ՝ Գորի քաղաք կվերադարձվի ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուշարձանը, որը 2010թ.-ին ապամոնտաժվել էր վրացական իշխանությունների որոշմամբ:
Ինչպես հաղորդում է «Գռուզյա օնլայն» պարբերականը, հուշարձանը կվերականգնվի ոչ թե իր նախկին տեղում՝ Գորիի կենտրոնական հրապարակում, այլ խորհրդային առաջնորդի տուն-թանգարանի մերձակայքում: Նշվում է, որ հավանաբար հուշարձանը կվերականգնվի դեկտեմբերի 21-ին՝ Ի. Ստալինի ծննդյան օրը:
Նշենք, որ 2010թ.-ի հունիսի 25-ի գիշերը վրացական իշխանությունների որոշմամբ Ի. Ստալինի հուշարձանը ապամոնտաժվել էր, ինչը հարուցել էր հանրության բողոքը: Ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջել են վերականգնել հուշարձանը:
Վրաստանի տարբեր հատվածներում Ի. Ստալինի հուշարձանները վերականգնելու որոշումը կայացվել է 2012թ.-ի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո:
Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը, մեկնաբանելով Ի. Ստալինի հուշարձանը Գորիում վերականգնելու որոշումը, «Գռուզյա օնլայն»-ի հետ զրուցում նշել է. «Շնորհավորում եմ: Գորիում վերադառնում է Ստալինի հուշարձանը: Պատիվը վերականգնված է»: