Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է առանց նախապայմանների մասնակցել «Ժնև-2» համաժողովին
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ալ-Ջաբրան ԱՄՆ կատարած այցելությունից հետո հայտարարել է, որ կոալիցիան պատրաստ է առանց նախապայմանների մասնակցել Ժնև-2 համաժողովին: Այս մասին հայտնում է «Իտառ-տասս»-ը՝ հղում կատարելով լիբանանյան «Ալ-Ախբար» թերթին:
Ընդդիմության նոր առջանորդն ամերիկացի զինվորականների հետ զրույցում նշել է, որ «Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչների հետ երկխոսության համար անհրաժեշտ է սահմանել ժամանակային սահմանափակում»: Նրա խոսքով դա թույլ կտա խուսափել իշխանությունների կողմից ձգձգումներից:
Ալ-Ջաբրան նաև կոչ է արել Ասադի կառավարությանը «դրական քայլեր» ձեռնարկել, մասնավորապես երկխոսությունից առաջ ազատ արձակել բանտարկյալներին: «Նման քայլերն անհրաժեշտ են, դրանք թույլ կտան սիրիացի ժողովրդին համոզել, որ բանակցությունները և համաժողովին մասնակցությունը արդյունավետ են լինելու»,-մեջբերում է թերթը ազգային կոալիցիայի առաջնորդին:
«Ժնևում կայանալիք բանակցությունները պետք է ավարտվեն անցումային կառավարության ձևավորմամբ, որն օժտված է լինելու մեծ լիազորություններով, վերահսկելու է անվտանգության ուժերը և սիրիական բանակը»,-ընդգծել է Ալ-Ջաբրան:
Ավելի վաղ Սիրիայի հարցին նվիրված «Ժնև-2» համաժողովին առանց նախապայմանների մասնակցելու պատրաստակամության էր հայտնել Սիրիայի կառավարությունը: