Փորձագետ. Հենց այնպես Ադրբեջանը պատերազմ չի սկսի
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը լուր է տարածել այն մասին, թե հայկական կողմը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով պաշտպանական գծի ամրապնդման աշխատանքներ է իրականացնում: Ըստ նույն աղբյուրի, ամրապնդելով խրամատները և կրակակետերը՝ միաժամանակ հայկական կողմը ականապատում է չեզոք գոտին՝ կիրառելով ականապատող ПМЗ-4 տեխնիկա: Միևնույն ժամանակ շարունակվում են թիկունքային էշելոնի ամրապնդման աշխատանքները:
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հայկական հատվածում պաշտպանական գծի ամրապնդման աշխատանքներ մշտապես տարվում են և դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ նույնիսկ արտասահմանցի ռազմական փորձագետներն են խոստովանում, որ պաշտպանական առումով, Արցախի տարածքը բավականին հուսալի պաշտպանության տակ է (նաև տեղանքի առումով), ինչը հնարավորություն է տալիս ոչ մեծ ուժերով բավականին արդյունավետ պաշտպանություն կազմակերպել:
Ղարաբաղյան կողմը տարբեր պաշտոնյաների շուրթերով ուղղակի և անուղղակի իր դժգոհությունն էր արտահայտել տարբեր պետությունների կողմից, և մասնավորապես, ՌԴ-ի կողմից Ադրբեջանի վաճառվող սպառազինության առնչությամբ, մանավանդ, որ վաճառվող տեխնիկայի կազմում առկա է նաև խաղաղ բնաչության դեմ օգտագործվող զինատեսակներ (օրինակ՝ Սմերչ):
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սպառազինության մեծածավալ գնմանը զուգահեռ, Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունն անընդհատ խոսում է խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին, այդ պայմաններում ղարաբաղյան կողմին այլ բան չի էլ մնում, քան ամրապնդել շփման գիծը, բանակի սպառազինությունը համալրել նոր՝ առավել ժամանակակից տեխնիկայով և ամեն գնով բարձրացնել բանակի մարտունակությունը:
Երբ խոսում ենք Արցախի պաշտպանողականության մակարդակի բարձրացման մասին՝ դա չի նշանակում, որ հայկական կողմը մտածում է բացառապես պաշտպանության մասին: Վերջին տարիներին Արցախում անցկացվող տարբեր տրամաչափի զորավարժությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ աշխատանք է տարվում նաև հարձակվողական մարտեր անցկացնելու համար:
Սա չի նշանակում, որ Արցախը պատրաստվում է պատերազմը վերսկսել, սակայն ՀՀ և ԼՂՀ զինվորական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, հայկական զորքերն իվիճակի են ոչ միայն հետ մղելու հակառակորդի հարձակումը, այլ մարտական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք:
Ինչևէ, հասկանալի է, որ պատերազմ սկսելը բավականին բարդ ու ծախսատար գործընթաց է, ինչը ենթադրում է ոչ միայն ռազմական հնարավորություններ, այլ քաղաքական աջակցություն: Եվ հենց այնպես, Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, սակայն դա չի խանգարում հայկական կողմին ոչ միայն ամրապնդել պաշտպանական գիծը, այլ ամեն ինչ անել բանակի մարտունակության հարցում որակական աճ արձանագրելու համար: Ոչ մի երկիր պատերազմից ապահովագրված չէ և դրան կարելի է դիմագրավել (կամ կանխարգելել) միայն մարտունակ ու կայացած բանակի միջոցով:
Քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյան