Գորիսի նախկին քաղաքապետը պնդում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում
«Շատ են մարդիկ, որոնք կարծում են, որ իմ կյանքը վտանգված է: Ես նույնպես գիտակցում եմ դա: Հայտարարում եմ` կյանքը շատ եմ սիրում: Իմ հիմնական ասելիքը և անելիքը դեռ առջևում է: Հայտարարում եմ նաև, որ չեմ վախենում մահից: Ահ ու սարսափը չգիտեմ` ինչ բան է: Այդ զգացումները ես իմ մեջ սպանել եմ շատ վաղուց»,- «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նա վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ էր ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների ունեցվածքի, ոճրագործությունների մասին, ուստի իր կյանքին սպառնացող վտանգը տեսնում է այդ կողմից: Նա ընդգծել է. «Եթե ինձ հետ մի բան պատահի, ապա ինձ հարգող բոլորին, մեր ժողովրդի պատասխանատու, մտահոգ և վճռական զանգվածին խնդրում եմ ոչ թե սգալ, ոչ թե լացուկոծի դիմել, այլ իմ դիակով բացել հայաստանյան չարյաց դարպասները»: Նա կոչ արեց թոթափել հայ ժողովրդի չարիքը` «լկտիությունն» ու «լիսկայականությունը»: