Թուրքերը շարունակում են որոնել հայերի գանձերը
«Ermenihaber» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը ներկայացրել է Մուշի հայկական պատմական տների ապամոնտաժման վերաբերյալ թուրքական «Թարաֆ» պարբերականի անդրադարձը, որտեղ խոսվում է Թուրքիայում տարածված գանձախուզության մասին:
««Մուշում ապամոնտաժվող հայկական տները թալանում են: Գանձախույզները Facebook սոցցանցի միջոցով գտնում են հայերին և նրանցից օգնություն խնդրում` դրա դիմաց մասնաբաժին առաջարկելով:
ԱՄՆ-ում բնակվող Նադյա Ույգունը պատմել է, որ գանձ որոնողներից ավելի քան 10 նամակ է ստացել: «Մուշում բնակվող իմ ընկերների հետ սոցցանցում գրառումների միջոցով ինձ գտել են: Այդ հիմար պահանջներն իմ մոտ այնպիսի զգացողություն առաջացրեցին, որ ցեղասպանության ենթարկված պապերիս մեկ անգամ էլ են սպանում: Տների ավերակների մեջ գանձ որոնելը հիմարության գագաթնակետն է… Մուշում հայ չի մնացել... հիմա էլ մշակութային ցեղասպանություն են անում, զբաղված են նրանց հետքերը, նրանց մասին հիշողությունը ջնջելով: Միայն պետությունը կարող է դրան խոչընդոտել»»:
Մուշի բնակիչ Ռոբին Էրդենջին հաստատել է, որ պատմական տների ավերակներում գանձախույզներ են ման գալիս` երբեմն բահերով, երբեմն էլ հողափոր մեքենաներով: «Նրանք հավատում են, որ աքսորի ժամանակ հայերը իրենց ոսկիները հողի տակ են պահել, այդ իսկ պատճառով ամեն տեղ փորում են: Չեմ տեսել, որ նրանց փնտրտուքները որևէ արդյունք տան, բայց ակնհայտ է, որ այդ հորատումներով բնությունը ավերում են»,- հայտնել է Մուշի բնակիչը:
Գարո Փայլանն էլ պատմել է, որ 90-ականներին գանձախույզները առևանգել էին իրեն. «Գնացել էի Դիարբեքիր: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում շրջելիս, փորձում էի եկեղեցու մասին տեղեկություններ հավաքել: Իմանալով, որ հայ եմ` գիշերով ինձ առևանգեցին,-Եկել ես գանձ գտնելու, մեզ տեղը պետք է ցույց տաս, թե չէ քեզ կսպանենք,- սակայն առավոտյան հավատալով, որ գանձի հետևից չեմ եկել, ինձ բաց թողեցին»: Փայլանը նաև նշել է, որ որոշ գանձ որոնողներ հավատում են, որ եթե քահանան աղոթք կարդա, ուրեմն իրենք հաստատ գանձը կգտնեն ու երբեմն եկեղեցի գնալով այդպիսի պահանջներ են ներկայացնում:
Հիշեցնենք, որ հայկական թաղամասում 500 տան փոխարեն նախատեսվում է բազմաբնակարան շենքեր կառուցել: Պատմական տների 80 տոկոսը արդեն քանդվել է: Սակայն ապամոնտաժումը դադարեցվել է Վանի մշակույթի պահպանության խորհրդի կողմից` հայկական տներից մեկը, որպես մշակութային արժեք գրանցելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները