Ադրբեջանցի լրագրողները Ուկրաինայի խորհրդարանի փոխարեն որոշումներ են կայացնում
Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել, ըստ որի՝ Ուկրաինայի խորհրդարանն, իբր, հրաժարվել է քննարկման դնել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, գրում է ուկրաինական Аспекты.net կայքը:
Հատկապես դիտարժան է այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ապատեղեկատվությունը տարածել է հուլիսի 30-ին, այն դեպքում, երբ Ուկրաինայի խորհրդարանը արձակուրդ է մեկնել դեռևս հուլիսի 5-ից: Կայքը ենթադրում է, որ ադրբեջանցի լրագրողների միակ հույսն այն է եղել, որ արձակուրդում գտնվող պատգամավորները չեն փորձի պարզաբանել հարցը:
Իրականում, Վերին Ռադայի հանձնաժողովներից մեկում իսկապես քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, սակայն քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին, իսկ օրինագիծը դեռ որոշակի ճանապարհ պետք է անցնի՝ նախքան Ուկրաինայի խորհրդարանի օրակարգում ընդգրկվելը:
Ուկրաինայի Վերին Ռադայի` Մարդու իրավունքների և միջազգային հարաբերությունների հանձնաժողովն այն պատասխանատու և գլխավոր մարմինը չէ, որ պետք է նախապատրաստի օրինագիծը խորհրդարանում քննարկման համար: Գործընթացը հետևյալն է: Օրինագծի նախ պետք է ներառվի Վերին Ռադայի օրակարգում, որից հետո համապատասխան մշտական հանձնաժողովները քննում են այն, որոշում կայացնում կամ ներկայացնում են եզրակացություն՝ խորհրդարանում քննարկման դրվելու մասին: Վերջում, քվեարկության հետ միասին ներկայացվում է նաև գլխավոր հանձնաժողովի որոշումը:
Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը (N2254a) նախաձեռնել են պատգամավորներ Վիլեն Շատվորյանը և Արսեն Ավակովը, սակայն Մշակույթի և հոգևորականության հանձնաժողովը դեռ չի կայացրել իր որոշումը: