Օգնենք միասին, որպեսզի 4.5 տարեկան Արամը մեկնի Մոսկվա առողջանալու
Հուլիսի 9-ին 4.5 տարեկան Արամը ծանր ու բավականին բարդ վիրահատության է ենթարկվել Երևանի Սրբ.Աստվածամայր բժշկական կենտրոնում: Վիրահատությունից ընդամենը օրեր առաջ մանկապարտեզում երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, փսխումներն ու թուլությունը վերագրում են մրսածությանը: Սակայն քանի որ բարելավում չի նկատվում, ծնողները երեխային Վանատուր գյուղից հասցնում են Երևան, որտեղ էլ բժիշկները հայտնում են` գլխուղեղի ուռուցք, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն.
«Էն յոթ ժամը, որ տևեց օպերացիան, ես չգիտեմ ոնց եմ ապրել… մի պահ կնոջս դեմքին նայեցի, ինձ թվաց աշխարհի ամենամեծ ցավը իր մեջ ա հավաքվել, ու տենց մեկս մյուսով 7 ժամը քարշ տվեցինք: Չէ` լուսացրինք, որովհետև ինձ թվում էր, թե սիրտս չի դիմանա»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Արամի երիտասարդ հայրը` 29-ամյա Շահեն Կարապետյանը: Վիրահատությունից հետո, որից առաջ անգամ բժիշկներն են զգուշավոր եղել դրական ընթացքի մասին երաշխավորություն տալու հարցում, ծնողներին տեղեկացրել են, որ հեռացվել է ուռուցքի մի մասը, բայց շարունակությունը արդեն վիրաբույժների գործառույթը չէ, այլ պետք է երեխան անհապաղ քիմիաթերապիայի կուրսեր անցնի: Բայց և խորհուրդ են տվել` ուռուցքը շատ արագ զարգացման միտում ունի, եթե հնարավոր է երեխային տեղափոխեք արտերկիր և բուժումը շարունակեք այնտեղ.
«Ես մտածում եմ, որ ճիշտ կլիներ, եթե վիրահատությունն էլ այնտեղ անեինք, բայց երբ քեզ ասում են, որ երեխայիդ կյանքը վտանգված է, շտապ պետք է վիրահատեն, այդ պահին ամեն բան մոռանում ես, չեն կարողանում մտածել, մենակ թե երեխուն բան չլինի….ես գոհ եմ մեր բժիշկներից, որ տենց բարդ վիրահատություն արեցին ու էրեխուս ինձ վերադարձրին, բայց շարունակության համար արդեն պետք է դուրս տանենք»,- նշեց Շահենը` ավելացնելով, որ հենց դրա համար էլ դիմեցին հանրությանը, որպեսզի օգնեն, քանի որ ընտանիքը միայնակ չի կարող հոգալ իր փոքրիկի հետագա բուժումը, քանի որ խոսքը 10-20 հազար ԱՄՆ դոլարի մասին է.
«Վիրահատության համար գումարը մենք ինքներս, հարազատներով, ընկերներով կարողացանք անել, բայց սա շատ մեծ գումար է… ես վախենում էլ եմ պատկերացնեմ, բայց պետք է ամեն ինչ անեմ Արամիս տանեմ… միակ երեխեսա ու ամեն ինչ կանեմ իրա կյանքը փրկելու համար….»,- ասաց Շահենն ու չկարողացավ խոսքն ավարտել: Միայն նշեց, որ որոշել են տեղափոխել Մոսկվա, Բուրդենկոյի անվան կենտրոն ու դա պետք է անել որքան հնարավոր է շուտ` ուռուցքը արագ է զարգանում և Աստված մի արասցե այնքան ձգձգվի գնալու գործընթացը, որ երեխային թույլ չտան տեղափոխել ինքնաթիռով:
Panorama.am-ի հետ զրույցում Սրբ.Աստվածամայր ԲԿ-ում երեխայի բժիշկ Վահագն Մաթևոսյանը նշեց, որ երեխայի մոտ չարորակ ուռուցք է հեռացվել ուղեղի շրջանի հետևի գանգափոսից, ու դուրս գրման պահին երեխայի վիճակը կայուն է եղել: Իսկ հետագա բուժումը որոշվելում է օնկոլոգների կողմից: Մեր հարցին ի պատասխան, ինչպե՞ս է վերաբերում ծնողների որոշմանը` բուժումը շարունակել Մոսկվայում, երեխայի բժիշկը նշեց.
«Ռուսաստան տանելու որոշումը ողջունելի է և եթե ստացվի, ապա իհարկե նրանց փորձը նման հարցերի բուժման առումով անհամեմատ մեծ է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է հեռացվել ուռուցքի մի մասը միայն, բժիշկը նշեց, որ ֆիզիկապես ուղեղի համար հնարավոր չի հեռացնել ամբողջ ուռուցքը, որովհետև առողջ հյուսվածքի հետ հստակ սահմանները չես տեսնում:
«Այս պահին երեխային անհրաժեշտ է քիմիաթերապիա, ճառագայթումներ: Իսկ թե հետագայում ևս անհրաժեշտ է վիրահատել, թե ոչ` ցույց կտա այդ բուժումների ընթացքը»,-ընդգծեց բժիշկը և ևս մեկ անգամ հավելեց` Մոսկվա տանելու որոշումը միանշանակ ողջունելի է:
Երեխայի ծնողները դիմել են Առողջապահության նախարարությանը, որտեղից կաջակցեն երեխային Մոսկվա ուղեկցող ծնողի տոմսի գնման հարցում: Այս լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց նաև առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը: Մնում է միայն հոգալ գումարի խնդիրը. մի քանի օր բացված հաշվեհամարին այս պահի դրությամբ հավաքվել է ընդամենը 590 հազար դրամ, 1000 ռուբլի և 30 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, բայց ծնողները հույսը չեն կորցնում:
Օգնենք միասին, որպեսզի 4.5 տարեկան Արամը մեկնի Մոսկվա առողջանալու....
ՎՏԲ Հայաստան բանկ
ՀՀ դրամ 16025079658000
ԱՄՆ դոլար 16025079658001
Եվրո 16025079658002
Ռուս.ռուբլի 16025079658003