Ադրբեջանում վարչապետի պաշտոնի համար մղվող պայքարն ավելի է թեժացել
Ադրբեջանի Տրանսպորտի նախարար Զիա Մամեդովն, ով երկրի ամենաազդեցիկ օլիգարխներից մեկն է, մոտ ապագայում կնշանակվի փոխվարչապետ: Այդ մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Մամեդովի փոխարեն տրանսպորտի նախարարի պաշտոնում կնշանակվի ներկայիս փոխնախարար Մուսա Պանահովը կամ՝ «Ազերյոլսերվիս» կազմակերպության ղեկավար Ջավիդ Գուրբանովը:
Զիա Մամեդովի՝ փոխվարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրը միանշանակ չի ընդունվել իշխանական շրջանակներում: Նրա մրցակիցները` մասնավորապես Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը և նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը, անհանգստացած են իրադրությամբ, քանի որ, նրանց կարծիքով, այդ որոշումը հետագայում Զիա Մամեդովին վարչապետ նշանակելու առաջին քայլն է:
«Զիա Մամեդովը վարչապետի պաշտոնի համար պայքարող չինովնիկներից միայն մեկն է: Այդ պաշտոնին հավակնում է նաև Քեմալադդին Հեյդարովը, ում անհանգստանում է պաշտոնը կորցնելու վտանգը: Իսկ Ռամիզ Մեհտիևն իր հերթին անհանգստացած է Զիա Մամեդովի` Փաշաևների կլանի հետ ունեցած կապերի պատճառով». գրում է թերթը: