Բենզինի և դիզվառելիքի գները մեկ տարում աճել են
2013թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված գների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում որոշ ապրանքատեսակների գներն աճել են, որոշ տեսակներինն էլ նվազել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն` նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կենցաղային էլեկտրաապրանքների` 0.1%, շինանյութերի` 0.1%, մշակույթի ապրանքների` 0.1%, կահույքի` 0.2%, խոհանոցային սպասքի` 0.2%, այգեգործական ապրանքների` 0.2%, դեղամիջոցների` 0.2%, տեքստիլեղենի` 0.3%, վառելիքի` 0.4%, գեղահարդարման ապրանքների` 0.5%, գրենական պիտույքների` 1.3% գնաճ:
2013թ. հուլիսին հունիսի համեմատ ոսկերչական ապրանքների գները նվազել են 1.7%-ով, հագուստինը և գործվածքինը` 1.5%-ով, կոշկեղենինը` 0.6%-ով, անձնապիտո ապրանքներինը` 0.5%-ով, իսկ դիտարկվող մյուս ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2013թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.4% և 3.7% գնաճ: Հուլիսին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-0.4% գնաճ, մեկում` 0.3% գնանկում, իսկ մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.3%-ով: