Կառավարությունը հաստատեց անվճար բնակարան ստացող սոցիալական խմբերի ցանկը
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների գործադիրը հաստատել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, նրանց հաշվառման, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը:
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս ծրագրի հիմնական շահառուները մանկատան շրջանավարտներն են և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի շրջանակներում անապահով ընտանիքներին տրամադրվող բնակարանների գործընթացն ամբողջությամբ պետք է վերահսկվի հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի խուսափեն չարաշահումներից:
Նշենք, որ 2003 թվականից ի վեր հաշվառվել է բնակարանի կարիք ունեցող 472 շրջանավարտ, որից 270-ը դեռևս սպասում են իրենց կացարանի տրամադրմանը:
Կառավարության հիմնավորման համաձայն` մինչ այժմ Հայաստանում իրականացվել է «Սոցիալական բնակարան` աջակից պայմաններով» երկու ծրագիր` Գորիսում և Երևանում: Այդ Սոցիալական տները կառուցվել են Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ 2006-2008թթ.:
Միաժամանակ, ՀՀ Կառավարության 2010թ. հուլիսի 1-ի N25 արձանագրային որոշմամբ, Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետությունում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգին», որի նպատակն է ՀՀ-ում անօթևան և բնակարանի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված տարբեր սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների համար սոցիալական բնակարանների, տների (համալիրների) կազմակերպումը:
Այս գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է: Արդեն շահագործման են հանձնվել Մարալիկի սոցիալական բնակարանային համալիրի երեք շենքերը` 59 կացարանով, որոնք արդեն իսկ բնակեցվել են: ՀՀ կառավարության որոշմամբ սոցապ նախարարությանն է ամրացվել Երևանի Թբիլիսյան խճուղի 3, հասցեում գտնվող շենքը, որը հիմնանորոգումից հետո ունենալու է 45 կացարան: Առաջիկայում նախատեսվում է այդ նպատակի համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ամրացնել նաև Ծաղկահովտում, Սպիտակում և Ստեփանավանում կառուցվող սոցիալական տները` համապատասխանաբար` 40, 28, 7 կացարաններով:
«Այսպիսով հրատապ է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկը, բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով անձանց (ընտանիքներին) կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը ՀՀ Կառավարության կողմից հաստատելը, որն իրավական և կազմակերպական տեսակետից ավելի արդյունավետ կդարձնի գործընթացը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները