ՆԱՏՕ-ն դեռ չի նախատեսում որևէ գործողությունների դիմել Եգիպտոսում
ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Եգիպտոսում իրադարձությունների զարգացմանը և թե ինչպես է ճգնաժամը երկում ազդում դաշինքի անդամ պետությունների վրա: ՆԱՏՕ-ն դեռ չի նախատեսում որևէ գործողությունների դիմել Եգիպտոսում: Այս մասին «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միասնական զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:
«Ինչպես Սիրիայի պարագայում մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին: Եթե կարիք լինի, կանենք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին»,- նշել է Ֆ. Բրիդլավը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ միջերկրածովյան պետությունները արդեն տուժել են Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններից:
«Փախստականների հոսքը, առևտուրը, թմրանյութերը, ամեն ինչ Եվրոպայում կրում է ազդեցություն այն ամենից, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Աֆրիկայում, հետևաբար Հյուսիսային Աֆրիկայում ցանկացած անկայունություն մտահոգություն է առաջացնում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մոտ»,- հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միասնական զինված ուժերի գլխավոր հրամանատարը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալվել է հուլիսի 3-ին: Հուլիսի 26-ին հայտնի է դարձել, որ Մուրսին ձերբակալվել է 15 օրով և նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության ու դավադրության մեղադրանքով, որն իրականացվել է «ՀԱՄԱՍ» շարժման հետ միասին:
Մուրսիին կասկածում են նաև ոստիկանների ու զինվորականների սպանությունների և առևանգումների մեջ: Մայրաքաղաք Կահիրեում Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց զոհ է դարձել մոտ 100 մարդ: