«System of a Down»-ը կոչ է արել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև ընդունել (տեսանյութ)
«System of a Down»-ը կոչ է արել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:
«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Hollywood Bowl»-ում հուլիսի 29-ին հանդես է եկել համերգով, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Վերջինս համերգի ընթացքում հանդես է եկել կոչով, որտեղ մասնավորապես, ասել է.
«Պատկերացրեք, որ նրանք, ովքեր ուզում են դառնալ միջազգային հանրության մաս, լռեին Հոլոքոստի մասին: Այժմ նման բան է տեղի ունենում: 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մասին լռում են:
Պատկերացրեք, որ 1940-ականներին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր, Ամերիկան չմտներ պատերազմի մեջ ու չկանգներ Միացյալ թագավորության կողքին:
Պատկերացրեք, որ Ամերիկան կանգներ Գերմանիայի կողքին ու ասեր, որ ժխտում է Հոլոքոստը և երբեք այդ եզրույթը չի օգտագործի քաղաքականության մեջ:
Պատկերացրեք, որ Լոս-Անջելեսում ապրող հրեաները երբեք մեր կառավարությունից չլսեին «հոլոքոստ» բառը:
Դա հենց այն է, ինչ հիմա զգում են հայերը, հույները, ասորիները, երբ մեր իշխանությունները չեն արտահայտում «ցեղասպանություն» բառը»:
Սերժ Թանկյանը ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող արդար բանաձև ընդունել, այնպես, ինչպես աշխարհի մյուս ցեղասպանությունների դեպքում է եղել: