Թուրքիայում ոստիկանությունը ցրել է բողոքի հերթական ցույցը
Ստամբուլում ոստիկանությունը ցրել է բողոքի հերթական ցույցը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Իրավապահ մարմինները կանգնեցրել են ցուցարարներին Թաքսիմ հրապարակից ոչ հեռու գտնվող փողոցում, բախումների արդյունքում տուժել է 4 մարդ: Բողոքի ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ ցուցարարները դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ արտահայտելու իրենց բողոքը ոստիկանության դաժան վերաբերմունքի դեմ, ինչպես նաև իրենց զորակցությունն արտահայտելու ցույցերի մասնակից պատանուն, ով ոստիկանության հետ բախումների ժամանակ գլխի շրջանում արցունքաբեր գազի կիրառումից ստացված հարվածի արդյունքում գտնվում է կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում բողոքի զանգվածային ցույցերը սկիզբ են առել մայիսի վերջերից: Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում Ստամբուլի Թաքսիմ թաղամասի Գեզի պուրակի տեղում առևտրային ու ժամանցային համալիր կառուցելու իշխանությունների որոշման դեմ: Ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհվել է 5 մարդ, շատերը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մուսուլմանների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա սկսվելուն զուգահեռ լարվածությունն էականորեն թուլացել է, սակայն տարբեր քաղաքներում ժամանակ առ ժամանակ վերսկսվում են բողոքի ակցիաներ: