Հնարավոր է ժամանակավոր կարգավիճակ ստանա նաև «Armenian International Airways»-ը
«Էյր Արմենիա» ընկերությունը Քաղավիացիայի վարչությունից թույլտվություն է ստացել 6 ուղղություններով թռիչքներ իրականացնելու և, փաստացիորեն, ավիափոխադրող ընկերության կարգավիճակ է ստացել: Նշենք, սակայն, որ սա միայն ժամանակավոր է, և վերջնական որոշում թույլտվություն ստանալու վերաբերյալ չկա:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում թույլտվություն ստանալու համար հնարավոր է դիմի նաև «Armenian International Airways»-ը, որը մասամբ պատկանում է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Թե ինչ կարող է հայաստանյան ավիաշուկային բերել նոր ավիաընկերությունն, «Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է «Հայկական ավիաուղիների» նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանից:
Նա նշել է, որ Հայաստանն ունի սեփական ավիաընկերություն ունենալու շուկան, և ինքը միշտ կողմնակից էր, որ այն պետականորեն ստեղծվի և ոչ մասնավոր. «Կառավարության որոշմամբ դա կարող էր ստեղծվել, որպեսզի մենք շուկան չկորցնեինք, իսկ հիմա մենք գնալով կորցնում ենք և՛ շուկան, և՛ մասնագետներին. մարդիկ օրեցօր հեռանում են: Շահեն Պետրոսյանը հավելել է, որ իր հաշվարկներով մոտ 50 միլիոն դոլարով կարելի է շատ լավ ընկերություն ստեղծել, որը կունենա 40-50 բորտուղեկցորդ, մի քանի տեխնիկական սպասարկման մասնագետներ, 20 օդաչու»: