Քաղաքապետարանը հանդես կգա հայտարարությամբ` վարորդների համար լավ լուրով
«Այսօր ժամը 15.30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան բանակցություններ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի և շահագրգիռ մյուս ընկերության միջև, որից հետո, հուսամ, վարորդների համար լավ լուրով քաղաքապետարանը հանդես կգա հայտարարությամբ» ,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը շտապ հրավիրված խորհրդակցությունից հետո:
Նշենք, որ ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդակցությունը հրավիրվել է այն բանից հետո, ինչ օրերս քաղաքապետը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ հաշվի առնելով ամառային այս շրջանը, ճիշտ կլինի վճարովի կայանատեղիների գործընթացը սկսել ոչ թե օգոստոսի 1-ից, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ մեկ ամիս ուշ` սեպտեմբերից:
«Քաղաքապետը բանավոր հայտարարել էր, որ օգոստոսի 1-ին վճարովի ավտոկայանատեղիների համար նախատեսվող վճարումների գործընթացը հետաձգվի մեկ ամսով` հաշվի առնելով, որ մեր քաղաքացիների մեծ մասը քաղաքում չի և տեղեկացված չի այդ մասին: Սա, կրկնում եմ, քաղաքապետի բանավոր խոսքն էր: Բայց երեկ մենք քաղաքացիներից տարբեր ահազանգեր ստացանք տուգանքների վերաբերյալ, այլ կերպ ասած` գործընթացը մեկնարկել է, և ես հարցի պարզաբանմամբ, ինչպես նաև քաղաքացիների հնչեցրած մտահոգություններով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,- նշեց Թ.Պողոսյանը:
Այսօր առավոտյան ԲՀԿ խմբակցության ղեկավարը դիմել է նաև տրանսպորտի գծով փոխքաղաքապետին, իսկ քիչ առաջ թեմային նվիրված խորհրդակցության ժամանակ ևս մեկ անգամ բարձրաձայնել քաղաքացիների բողոքը.
«Մենք խնդրեցինք, որպեսզի տրվեն իրավական հիմքեր, որ գործընթացի մեկնարկը օգոստոսի 1-ից տեղափոխվում է մեկ ամսով, ինչպես ավելի վաղ հայտարարել էր քաղաքապետը: Պատասխանը եղավ այն, որ, այո, բանավոր հայտարարությունը ուժի մեջ է և ժամը 15.30-ին քաղաքապետարանում տեղի կունենան բանակցություններ շահագրգիռ ընկերությունների հետ` «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ մասնավորապես, և քանի որ կիրարկումը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի լիազորված անձը, ապա եթե նույնիսկ տույժ-տուգանքը ուղարկվի, դա չի գանձվի քաղաքապետարանի կողմից: Իսկ կարգի ու ժամկետի փոփոխության վերաբերյալ այդ քննարկումից հետո քաղաքապետարանը արդեն հանդես կգա հայտարարությամբ»,- հավելեց մեր զրուցակիցը` նշելով, որ քննարկումների արդյունքը իհարկե հիմա չի կարող կանխատեսել, բայց հույս ունի, որ վարորդներին լավ լուր է սպասվում:
Նախորդիվ` Շտապ խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. Տ.Մարգարյանը անակնկալի է եկել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները