Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել սահմանային միջադեպի կապակցությամբ
«Ermenihaber.am» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել հայ-թուրքական սահմանը հատած և սահմանապահների բացած կրակի հետևանքով մահացած թուրք հովվի հետ կատարվածի առնչությամբ:
«Մենք խստագույնս դատապարտում ենք այն, որ մեր անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության պատճառով կրակում են ու սպանում: Հայկական կողմը որևէ պարզաբանում չի տվել, թե ինչու է սահմանին տեղի ունեցած սովորական միջադեպի ժամանակ անհամաչափ ուժ կիրառվել»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ թուրք հովվի` Մուստաֆա Ուլքերի դին տեղափոխվել է Թուրքիա, և կատարվածի առնչությամբ թուրքական կողմը դիվանագիտական անհրաժեշտ գործողությունների է դիմել:
«Այդ և նման այլ դեպքերը հերթական անգամ ցույց տվեցին հարավկովկասյան տարածաշրջանում, կայունություն և համապարփակ կարգավորում հաստատելու, ինչպես նաև Հայաստանի` հարևանների հետ հարաբերություններում խոհեմություն հանդես բերելու կարիքը»,-ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Նախորդող` Հայ-թուրքական սահմանին սպանվել է 35-ամյա թուրք հովիվ