Արա Պապյան.Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ուղեկցվելու է ռուսական կողմի ջղաձգումներով (տեսանյութ)
«Թուրքական կողմը պնդում է, որ հովիվը պատահական է հատել սահմանը և սպանվել, միևնույն ժամանակ կա տեղեկություն, որ հովիվը զինված է եղել և առաջինը նա է կրակ բացել: Սա էականորեն փոխում է դեպքի ընթացքը՝ այն առումով, որ առաջին դեպքում սպանելը կարելի է համարել ուժի ոչ օրինաչափ կիրառում, երկրորդ դեպքում, բնականաբար, դա ինքնապաշտպանություն է՝ լրիվ օրինական ու օրինաչափ պատասխան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպին, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ այս միջադեպը, ինչպես նաև Ռուսաստանում հայերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունքը փոքր ճնշման քայլեր են, որոնց նպատակն է Ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրման շեմին լարել հայ-թուրքական հարաբերություները:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը Ա.Պապյանը նպատակահարմար չի համարում. «Մենք ունենք խնդիրներ՝ կապված անվտանգության, տնտեսության հետ, ուստի պետք է գնանք այն ճանապարհով, որով այդ հարցերը կարող են լուծվել. դա Եվրոպական ճանապարհն է: Եթե մենք երկրի կառավարման բարելավման հարցում միջազգային պարտավորություններ չվերցնենք, իսկ Ասոցացման պայմանագրում առանձին բլոկներ կան՝ իրավական, մարդու իրավունքների, տնտեսական կառավարման և այլն, ապա չենք կարող շտկել առկա խնդիրները: Ուղենիշը պետք է ճիշտ լինի, որպեսզի կարողանանք հասնել նպատակին, եթե ուղենիշը սխալ է ընտրված, ինչքան էլ ջանանք, արդյունք չի լինի: Առաջարկում եմ նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը, որը, բնականաբար, Ռուսաստանի կողմից ինչ-որ ջղաձգություններով է ուղեկցվելու»,-նշեց քաղաքագետը: