Վազգեն Մանուկյանը փորձում է վերակենդանացնել ԱԺՄ-ն
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ կուսակցությունը կրկին փորձում են վերակենդանացնել: Առաջիկայում հանդիպումներ կլինեն կուսակցության նախկինում պոկված բեկորների ղեկավարների հետ, ինչպես նաև երիտասարդներ կներգրավվեն:
«Հրապարակ»-ն այս թեմայի շուրջ զրուցել է Վազգեն Մանուկյանի հետ. «Այո, կա նման մտադրություն, բայց գործընթաց դեռևս չի սկսվել»: Թերթի դիտարկմանը, թե՝ երկու տարի առաջ էլ նույն ծրագիրն ունեիք, անգամ հանդիպումներ եղան, բայց ոչինչ չստացվեց, Վ. Մանուկյանը պատասխանել է. «Այո, մի պահ եկավ, որ ԱԺՄ-ից պոկված բոլոր բեկորներս ցանկանում էինք միասնական հանդես գալ, այդպիսով պատրաստվում էինք 2012թ. ԱԺ ընտրություններին, բայց քննարկեցինք և հասկացանք, չտեսանք ԱԺ ընտրություններին որևէ լուրջ շանս, և դրա համար միավորվելու ոգևորությունը մի փոքր իջավ: Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ քաղաքական իրավիճակն այժմ այնպիսին է, որ ԱԺՄ-ի նման կուսակցության անհրաժեշտությունը կա, պահանջված է: Կկարողանա՞մ ես կամ մենք դա անել, սա թերևս այլ հարց է, բայց ես զգում եմ, որ այդ տեղը դատարկ է»:
Թերթի հարցին` չեք կիսո՞ւմ քաղաքացիական ակտիվ զանգվածի տեսակետն այն մասին, որ քաղաքական կուսակցությունների գոյությունը մեր երկրում այլևս արդարացված չէ, դրանք անիմաստ կառույցներ են, Վ. Մանուկյանը պատասխանել է. «Ընդհանրապես ամբողջ աշխարհում հիմա փոփոխություններ են կատարվել, և քաղաքական դասական կուսակցությունները ճգնաժամ են ապրում: Կազմակերպման նոր ձևեր առաջացան, որոնք, ինձ թվում է՝ կուսակցական հարցում դժվար թե օգնեն: Խոսքը համացանցային ձևերի մասին է»: Վ. Մանուկյանը հավելել է, որ հին կուսակցությունների ձևերն իրենց սպառել են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: