«Ազադլիգ». Նախագահի աշխատակազմի հրամանով արգելվում է ռուսական պետհամարանիշերով մեքենաների մուտքն Ադրբեջան
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն արգելել է ռուսական պետհամարանիշերով մեքենաների մուտքը Ղազախի շրջանի սահմանային անցակետով, հայտնում է «Ազադլիգ» թերթ:
«Ինձ պատկանող «Toyota Corolla» մակնիշի մեքենան Ադրբեջանի տարածք անցկացնելու համար ես 3800 ամերիկյան դոլար և 42 մանաթ (մոտ 42 եվրո) եմ վճարել: Չնայած դրան, սահմանային անցակետի՝ Էլչին անունով հերթապահն ինձ տեղեկացրեց, որ ռուսական պետհամարանիշերով մեքենաների մուտքն արգելված է: Իր խոսքերով՝ կա Նախագահի աշխատակազմի հատուկ հրահանգը: Հերթապահը հայտնեց, որ իրեն աշխատանքից կհեռացնեն, եթե թույլատրի մեքենայի մուտքը», - պատմել է թերթի ընթերցող Ռամին Ահմեդովը:
Թերթի աղբյուրը հավելել է, որ ռուսական պետհամարանիշերով մեքենաները հետ են ուղարկվում Վրաստան. «Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում իրենց մեքենաներով մուտք գործել Ադրբեջան: Ոչ մի բացատրություն չեն տալիս, միայն պատասխանում են, որ իրենք հրահանգ ունեն: Իսկ դա լրջորեն բարկացնում է քաղաքացիներին», - նշում է Ահմեդովը: