Գյուղացիները պատրաստ են անցնել Թուրքիայի սահմանը. Ոչ Բեգլարյանը, ոչ էլ Ղահրամանյանը բագարանցիների խնդրին լուծում չեն տալիս
Արմավիրի մարզի Թուրքիային սահմանամերձ Բագարան գյուղը քաղաքակիրթ աշխարհի հետ կապող տրանսպորտի բացակայությունը լցրել է գյուղացիների համբերության բաժակը. նրանք արդեն պատրաստ են ամեն ծայրահեղ քայլի: «Էս ինչ օյին են խաղում էս գյուղացիքի գլխին: Մարդ արդեն մտածում ա, թե դիտմամբ են սենց բան անում, որ հելնենք գյուղից, փախնենք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխադրամիջոցի բացակայությունից դժգոհեց գյուղի բնակիչ Միշա Գալոյանը:
Նա սեփական մեքենա չունի, գրեթե ամեն օր գյուղից գնում է Արմավիր քաղաք (շուրջ 40 կմ) աշխատանքի ու իր աշխատավարձի ծանրակշիռ մասը ծախսում է «տաքսիների վրա»: «Գյուղացին հերիք չի անմարդկային պայմաններում ա ապրում էս գյուղում, էս մի պրոբլեմն էլ ավելի ա ստորացնում մեզ. գնում ընգնում ենք դռնեդուռ, հարցնում ենք, թե ովա գնալու քաղաք, որ մեզ էլ հետները տանեն, բա սենց ապրել ա՞ ըլնում, բա մեղք չե՞նք մենք: Ում ասես բողոքեցինքը, վերջին տարբերակը Թուրքիայի սահմանն անցնելն ա, էլ ճար չկա», -դժգոհեց մեր զրուցակիցը:
Panorama.am-ը ավելի վաղ այս խնդրին անդրադարձել էր. Գագիկ Բեգլարյանի ղեկավարած տրանսպորտի ու կապի նախարարությունից պատասխանել էին, որ խնդիրն իրենց իրավասության ներքո չէ և իրենք չեն կարող դրան լուծում տալ, իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասել էր, որ Բագարան-Արմավիր ուղղությունը շահութաբեր չէ և այդ պատճառով էլ «գծի տերերին» այն չի հետաքրքրում: Եվ այս տրամաբանությամբ ոչ Արմավիրի մարզպետարանը և ոչ էլ Տրանսպորտի ու կապի նախարարությունը արդեն ամիսներ շարունակ մատը մատին չեն խփում գյուղացուն տանջող խնդիրը լուծելու համար:
Այս գյուղում չնայած կյանքը զարգացած չէ, խմելու ջուր չկա ու կանայք շարունակում են «ղանթարով» գյուղի միակ աղբյուրից ջուր կրել, բայց այնուամենայնիվ, գյուղացիները մի տեսակ հպարտությամբ են նշում, որ այդ փոքրիկ տարածքից արտագաղթ չկա: Սակայն իրենց առօրյա ծանր հոգսերին ավելացած այս խնդիրը՝ փոխադրամիջոցի բացակայությունը ստիպել է նրանց մտածել արտագաղթի ուղին բռնելու մասին:
«Հեսա սեպտեմբերն ա գալիս, ուսանողությունը պտի գնա-գա, ո՞նց պտի անենք, ո՞նց, հըլը մի հատ ասեք», -պատասխաններ էր փնտրում գյուղացի Գալոյանը:
Կարդացեք նաև՝
Կղզիացած Բագարան. Սահմանամերձ գյուղի միակ տրանսպորտը չի աշխատում
Սահմանամերձ բագարանցիների ճակատագիրը կախված է Բեգլարյանից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները