Էլբեի Հասանլի. «Եթե Ռուսաստանը ցանկանա, ապա ընտրություններից հետո Ադրբեջանում ջրի փոխարեն արյուն կթափվի»
«Ադրբեջանի ընդդիմությունը հեշտորեն նետվել է Ռուսաստանի գիրկը, և հիմա բոլոր լծակները Պուտինի ձեռքում են»: Այսպես է կարծում ադրբեջանցի լրագրող Էլբեի Հասանլին՝ հավելելով, որ ադրբեջանցիները կարող են պայքարել միայն արտաքին միջամտության օգնությամբ:
Հասանլին մեկն է այն ադրբեջանցի քաղաքագետներից և լրագրողներից, ովքեր համոզված են, որ աշնանն Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքները կախված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Այդ մասին է վկայում «Rex» լրատվական գործակալության տարածած հոդվածը, որտեղ տեղ են գտել ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երկրում Ռուսաստանի ազդեցության մասին վերջին հրապարակումները:
Հասանլին ընդգծում է, որ այս անգամ ևս «ընտրությունները կկեղծվեն, իսկ Ադրբեջանի քաղաքացիներն այդ կրկեսից հետո նույնիսկ տեղից չեն շարժվի»: Նա եզրակացնում է, որ Իբրահիմբեկովի քաղաքացիության խնդրի լուծումն ամբողջապես կախված է Պուտինից: «Արդյունքում Պուտինը կստանա այն, ինչ իրեն պետք է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից: Ավելին, եթե Ռուսաստանը ցանկանա, ապա ընտրություններից հետո Ադրբեջանում ջրի փոխարեն արյուն կթափվի: Տրամաբանությունը հուշում է, որ Պուտինն Ադրբեջանը կխորտակի արյան մեջ, քանի որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը Ռուսաստանի ձեռքում են: Նպատակը Կովկասում և Միջին Ասիայում Թուրքիայի հեղինակությանը ջախջախիչ հարված հասցնելն է: Բնականաբար, Ռուսաստանը կարագացնի Ադրբեջանում Իրանի ազդեցության տարածումը»:
Հասանլին կարծում է, որ չնայած միակ ելքն իշխանության և ընդդիմության միջև երկխոսության ստեղծումն է, «Ադրբեջանը կանգնած է իրական վտանգի եզրին: Պատճառը իշխանության բարբարոսություններն են, հակվածությունը փողերին, և քաղաքական կոնսենսուսի չգնալու ընդդիմության հիվանդությունը»:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը դեմ է արտահայտվում ադրբեջանցի ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե գործող իշխանությունը Ադրբեջանին շեղում է Եվրոպայից: Պատգամավորը նշում է, որ ինքը լավ է հասկանում եվրաինտեգրման նշանակությունը Ադրբեջանի համար, որը Եվրոպայից բացի այլընտրանք չունի:
Մուսաբեկովը համոզված է, որ Եվրոպան «Ադրբեջանի համար գլխավոր առևտրա-տնտեսական գործընկերն է, որն ապահովում է երկրի առևտրի շրջանառության կեսը: Եվրոպան Ադրբեջանի հիմնական օտարերկրյա ներդրողն է, տնտեսության և ենթակառուցվացքների մոդեռնիզացման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայի և տենոլոգիաների աղբյուրը: Ժամանակակից գիտությունը, կրթությունը, կառավարման մենեջմենթը ևս Ադրբեջան են գալիս Եվրոպայից»:
Ազադլիգ թերթի հետ զրույցում, քննարկելով Հարավային Կովկասում ունեցած Ռուսաստանի հետաքրքրությունները, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ասել է, որ «Ռուսաստանը չի փոխել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ իր վերաբերմունքը»: Գուլուզադեի խոսքերով՝ Ռուսաստանը մտադրված չէ թուլացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, սակայն այն կփորձի որոշակի օգուտ քաղել Ադրբեջանի նախընտրական իրավիճակից:
Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանում Պուտինին պետք է դիմավորեն այնպես, ինչպես Լատինական Ամերիկայում դիմավորում են ԱՄՆ նախագահին: Եթե Ադրբեջանում լիներ «լավ քաղաքացիական հասարակություն», Պուտինին «պետք է դիմավորեն բողոքի ակցիաներով», քանի որ Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին, բացատրում է Գուլուզադեն:
Քաղաքագետ Արիֆ Յունուսովը նույնպես դեմ է արտահայտվել Ռուսաստանին Minval.az կայքում ՝ իր վերլուծության կենտրոնում, սակայն, դնելով ոչ թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այլ վերջին տարիներին Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում տեղի ունեցած փոփոխություններրը: