Կովալչուկ. Անցանկալի անձանց ցուցակում հայտնվելուց հետո ինձ համար պարզապես վտանգավոր է գտնվել Բաքվում
«Obozrevatel» պարբերականի փոխանցմամբ, ԼՂՀ այցելելու և ղեկավարությունից հարցազրույց վերցնելու համար ուկրաինական «Сегодня» թերթի խմբագիր Իրինա Կովալչուկը Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում է հայտնվել:
«Այն ժամանակ ուկրաինացի լրագրողների մեծ խումբ էր գնացել Ղարաբաղ և բոլորը հայտնվել էին այդ սև ցուցակում»,- այս մասին պարբերականի հետ զրույցում նշել է լրագրողը:
«Ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, որը գրում է միջազգային թեմաներով և անդրադառնում է չճանաչված հանրապետություններին, պետք է լինի հակամարտության գոտիներում: Ինձ չեն տեղեկացրել Ադրբեջանում անցանկանալի անձանց ցուցակում հայտնվելու մասին, սակայն ես չեմ պատրաստվում դիմել Ուկրաինայի ԱԳՆ: Ինձ համար միևնույն է, ինչ են անում ադրբեջանցիները: Մեր այցից հետո նրանց լրատվամիջոցներում արշավ սկսվեց ուկրաինական թերթերի և հեռուստաընկերությունների դեմ: Իմ մաշկի վրա զգալով տեղեկատվական գրոհի այդ բոլոր հաճույքները, որոնք բացարձակ անհիմն էին, ես հասկանում եմ, որ ինձ համար պարզապես վտանգավոր է գտնվել Բաքվում»,-նշել է Կովալչուկը: