CPJ: Ալիևի ձեռնաշղթաներով նկարը հրապարակած խմբագիրը դատապարտվել է կեղծ մեղադրանքով
«Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի լրագրողներին կեղծ մեղադրանքներով բանտարկելու իր սովորությունը»,- կոչ է արել Լրագրողների Պաշտպանության Կոմիտեն (CPJ):
Այս անգամ Կոմիտեի ուշադրության կենտրոնում է հայտնվել նախորդ շաբաթ Ադրբեջանում դատապարտված խմբագիր Սարդար Ալիբեյլիի գործը:
«Ադրբեջանի իշխանությունը քննադատող լրագրողների համար նախատեսված կեղծ մեղադրանքների հարուստ պատմություն ունի, Սարդար Ալիբեյլիի դեպքը ևս այդ շարքից է,- նշել է Կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Նինա Օգնիանովան,- իշխանությունը պետք է անհապաղ ազատ արձակի Ալիբեյլիին և դադարեցնի նրա հանդեպ իրագործվող երկարատև հալածանքը»:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Բաքվի շրջանային դատարանը խուլիգանության մեղադրանքով դատապարտել էր «P.S. Nota» անկախ պարբերականի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլիին: Ինչպես տեղեկացրել էր «Кавказский Узел» տարածաշրջանային անկախ լրատվականը, ոստիկաններն Ալիբեյլին բնակիչներից մեկի վրա հարձակվելու մեղադրանքով ձերբակալվել էր չորեքշաբթի օրը:
Ալիբեյլին իր P.S. Nota թերթում հաճախակի էր քննադատում Իլհամ Ալիևին և նրա վարչախումբը, ավելին, հրապարակում էր աքսորված քաղաքական և ռազմական գործիչների մեկնաբանությունները, որոնք Ադրբեջանի նախագահին մեղադրում էին կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, և ավտորիտարիզմի մեջ:
Վերջերս ֆեյսբուքյան իր էջում Ալիբեյլին նկար էր տեղադրել, որտեղ Ալիևը պատկերված էր ձեռնաշղթաներով:
Ըստ Լրագրողների Պաշտպանության Կոմիտեի զեկույցի՝ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախօրեին մամուլի ազատությունը հետընթաց է ապրել:
Ալիբեյլին արդեն մի քանի անգամ արդեն ձերբակալվել և հասարակական աշխատանք է կատարել: Այժմ նրան 7 տարվա ազատազրկում է սպասվում:
Առնվազն յոթ այլ լրագրողներ ներկայումս բանտարկված են Ադրբեջանում, մյուս քննադատող լրագրողներն ու խմբագիրները ենթարկվում են հալածանքների, հարձակումների և սպառնալիքների:
Ըստ 2012թ. դեկտեմբերի 1-ին Կոմիտեի հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանում ինը լրագրող բանտարկված են մի շարք կեղծ մեղադրանքներով, ներառյալ խուլիգանիզմ, թմրանյութորի պահպանում և շորթում: