Զինծառայող Մուրադյանի մահվան գործով մայոր է կալանավորվել. Կան նաև այլ տուժածներ
Հուլիսի 30-ին Արցախի դիրքերում մահացած զինծառայող Արման Մուրադյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին: Նա արդեն կալանավորված է երկու ամսով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Մայորին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով. 358 պրիմ 1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ»:
Այս հոդվածից բխում է, որ գործով, բայց մահացած Արման Մուրադյանից, կան նաև այլ տուժողներ: ՊՆ քննչական ծառայության սպան, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր են նրանք:
Ավետիսյանի նկատմամբ նաև մեղադրանք է առաջադրվել 358 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը»: Մայորի նկատմամբ առաջադրված երրորդ մեղադրանքը ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասհատկանիշներով է` «Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Մուրադյանը: Արման Մուրադյանը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները