Նոր տեղեկություններ սահմանից. Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն
Ինչպես ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է: Հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմի կանոնները, տարբեր տրամաչափի զենքերով կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը վիրավոր ունի:
Թեմայի առնչությամբ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի հետևանքով Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:
Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն»:
Նախորդող` ՊՆ. Ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ սպա է վիրավորվել