Իվանիշվիլին հույս է հայտնել, որ վիզային ռեժիմը Ռուսաստանի և Վրաստանի միջև կվերացվի
Մոտ ապագայում Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը կդյուրացվի կամ կվերացվի: Այս մասին «Ռոսբալտ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նրա խոսքով, Վրաստանի նոր իշխանությունները շոշափելի արդյունքների են հասել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Կարծում եմ` կարճ ժամանակամիջոցում մենք կարողացանք կարգավորել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, և այս գործընթացը կարելի է զարգացնել: Բացի այդ, կարծում եմ, որ այս ամենին կարող է հաջորդել կանոնավոր չվերթների վերականգնումը, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը կամ վերացումը»,- հայտարարել է Բ. Իվանիշվիլին:
Վրաստանի վարչապետը հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնման և կարգավորման համար կպահանջվեն մեծ ջանքեր ու ժամանակ. «Մենք անպայման կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դադարել են դիվանագիտական հարաբերությունները 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: