Դ. Բաբայան. Ադրբեջանը վտանգավոր փուլում է. Այն ղեկավարում են խանգարվածները
«Ադրբեջանի քայլերը ամբողջովին դուրս են տրամաբանության սահմաններից, այլապես անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է մի պետություն իր երկրի համար անցանկալի անձանց «սև ցուցակ» կազմել ու դրանում ներառել մարդկանց, ովքեր համշխարհային գիտական, կրթական ժառանգության ներկայացուցիչներ են»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակի գոյությունն ու դրանց հրապարակումը, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը օրեր առաջ հրապարակեց այն մարդկանց ցուցակը, ովքեր հայտնվել են անցանկալի անձանց «սև ցուցակում»: «Սև ցուցակում» հայտնվելու պաշտոնական պատճառաբանությունն առանց Ադրբեջանին տեղյակ պահելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելն է:
«Այդ ցուցակի առկայությունը շատ նման է Ֆաշիստական Գերմանիայում հրապարակվող տարբեր ցուցակներին, որոնցում ներառված մարդիկ այս կամ այն պատճառով համարվում էին ֆաշիզմի թշնամիներ: Ադրբեջան պետությունը ղեկավարում են խանգարվածներ, որոնց քայլերն անիմաստ է մեկնաբանել»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ նմանատիպ ցուցակների առկայությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը վտանգավոր փուլում է, իսկ այս պարագայում միջազգային հանրության միջամտությունն անհրաժեշտություն է. «Երևի թե Ալիևը կարծում է, որ նման ցուցակների հրապարակմամբ ՝նա կապացուցի իր հզորությունը, սակայն դա լրիվ այլ էֆեկտ է ունենում: Արցախի հեղինակությունը գնալով աճում է, ինչն ակնհայտորեն զայրացնում է Բաքվին: Պարզ ասած, մենք գործ ունենք այնպիսի պետության հետ, որը ֆաշիզմից բացի, այլ ուրիշ բան չի կառուցում»,- նշեց Դ. Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում