Կառավարությունն ընդառաջ գնաց հանրության քննադատությանը. «Գենդերային» օրենքում փոփոխություններ կկատարվեն
Վերջին շրջանում հասարակության քննադատությանն արժանացած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում փոփոխություններ կկատարվեն: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:
Օրենքի նախագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ էին դրել Օրինաց երկիր խմբակցության պատգամավորները դեռ 2011 թվականից, սակայն միայն վերջերս, այս տարվա մայիսին, այն կառավարության համահեղինակությամբ ընդունվել էր ու նախագահի կողմից վավերացվել: Հասարակության մտահոգությունն առաջացրել էր մասնավորապես օրենքում «գենդեր, գենդերային» հասկացությանը տրված հետևյալ սահմանումը. «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:
«Օրենքի ձևակերպումները մեր հասարակության համար ավելի հասկանալի դարձնելուն ուղղված փոփոխությունները կընդունվեն աշնանային նստաշրջանում», այսօր հայտարարեց Ֆիլարետ Բերիկյանը: Նրա խոսքով, սա այն օրենքներից է, որը անցել է բոլոր անհրաժեշտ քննարկումները` և մարզերում, և տարբեր ֆորմատներով:
«Մեր հասարակության շատ շերտերի մոտ ինֆորմացիայի պակաս կա, կամ էլ ամառ է, թեմայի պակաս կա, դրա համար է այս օրենքը հայտնվել ուշադրության կենտրոնում, չգիտեմ: Մենք հանձնարարություն ենք ստացել օրենքը կոչել բառերով, որոնք լիովին հասկանալի կլինի հասարակությանը: Տարընթերցումներից խուսափելու նպատակով մենք պատրաստվում ենք վերանայել օրենքի ձևակերպումը և մեր դիտարկումները ներկայացնել կառավարությանը: Եթե տերմինը բանավեճ է առաջացնում, ապա կաշխատենք մեծամասնության համար ընդունելի դարձնել այն: Ձևակերպման երեք-չորս ձև արդեն իսկ կա», նկատեց փոխնախարարը` ընդգծելով, որ սեռ և գենդեր հասկացությունները «բացարձակապես տարբեր» են:
Կարդացեք նաև`
Ի՞նչ է նշանակում ձեռքբերովի վարքագիծ. Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մոտ «գենդերային» օրենքը հարցեր է առաջացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները