Հրաչյա Պետրոսյանց. Ադրբեջանցիների սադրանքները միջազգային նորմերի կոպիտ խախտում են
«Հակառակորդի սադրանքները ամեն օր էլ լինում են և երբեք էլ չեն մարում: Փառք աստծո, որ այս անգամ զոհեր չունեցանք»,-անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին գրանցված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Նա նշեց, որ ադրբեջանցիները գնդակոծում են նաև շտապ օգնության մեքենաները և այդպիսի դեպք էր գրանցվել օրերս, երբ նրանք Տավուշի մարզում գնդակոծել էին վիրավոր զինծառայողի տեղափոխող մեքենան:
«Ադրբեջանցիների այդ քայլերը հակասում են բոլոր միջազգային նորմերին և կանոններին: Վիրավորներ տեղափոխող մեքենաների վրա կրակ արձակելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասաց բանախոսը:
Հ. Պետրոսյանցը նշեց, որ այդպիսի գործողությունները բացահայտ պատերազմական գործողություններ են և ՀՀ-ը պետք է ձեռնարկի բոլոր քայլերը մեղավորներին միջազգայնորեն պատժելու համար:
«Ադրբեջանցիները կրակում են սադրիչ նպատակներից ելնելով, որպեսզի մենք էլ նրանց պատասխանենք ոչ թե իրավական ճանապարհով, այլ խաղաղ բնակչության, գյուղերի վրա կրակելով: Հենց մեր կողմից լինի այդպիսի քայլ, ադրբեջանցիները մեծ աղմուկ կբարձրացնեն և կդիմեն միջազգային դատարան»,-ասաց ռազմական փորձագետը:
Նրա խոսքերով, հայկական կողմը չի ենթարկվում այդպիսի սադրանքներին և հարվածներ է հասցնում միայն ռազմական կառույցներին:
«Մենք շատ ավելի մարդասիրաբար ենք վերաբերվում ադրբեջանական սադրանքներին և ուղղակի պատժում ենք նրանց` այդ սադրանքների համար»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ նախօրեին սահմանային միջադեպերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մասնավորապես նշել էր.
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրանքները, ինչի հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում 3 հայ զինծառայող վիրավորել է: Զգուշացնում ենք, ինչպես միշտ, հայկական զինված ուժերը տվել են և տալու են շեշտակի պատասխաններ»: