Ադրբեջանցի հոգեբան. Ոչ մի կերպ չեմ կարող մոռանալ Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ տեղի ունեցած վայրենությունը
«Ես պարզապես ապշում եմ, մի՞թե Ադրբեջանի 9 միլիոնանոց բնակչության մեջ չկա մեկ նորմալ թիմ, մեկ խելացի ուղեղ», - Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների, ներկայիս առաջնորդների և դրանց հանդեպ ունեցած հասարակության վերաբերմունքի մասին Minval.az կայքի հետ զրույցում խոսել է քաղաքական հոգեբան Սամարա Հասանլին:
Հոգեբանը համոզված է, որ ադրբեջանական հասարակությունն իրականում չի վստահում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը. «Ընդդիմությունն արդեն 20 տարի է ինչ նույնն է ասում, հասարակությանը ներկայանում է նույն դեմքերով: Մեր ընտրողին այսօր նոր խոսք, նոր ձայն, նոր շունչ է անհրաժեշտ»:
Սակայն միշտ չէ, որ այդ նոր ձայները լսվելու հնարավորություն են ունենում Ադրբեջանում: Դրա վառ օրինակը REAL հասարակական շարժման ղեկավար Իլգար Մամեդովն է. «Կարծում եմ Մամեդովի ձերբակալությունը արտահայտում է այն վախը, որ քաղաքացին, ընտրողը կարող է հանկարծ նոր դեմք, գործին նոր մոտեցում տեսնել, նոր ձայն լսել: Նրա մոտ նոր տրամադրվածություն կլինի, ինչ-որ հույսեր կառաջանան: Այդ պատճառով էլ իշխանությունը ձերբակալեց նրան՝ ընտրությունների գործընթացից հեռացնելու համար»:
Այս պահին Ադրբեջանի միասնական ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկով, ըստ Հասնալիի, իրական թեկնածու է: Հասանլին բացատրում է. «Ընդդիմությունը միավորվում է նրա շուրջ: Իրական գործողություններ ենք տեսնում: Կա մեկ ընդհանուր նպատակ՝ փոխել ներկայիս իրադրությունը, հասնել իշխանափոխության»:
Չի բացառվում նաև հեղափոխությամբ իշխանության հասնելու հնարավորությունը: Ըստ Հասանլիի վերլուծության՝ ադրբեջանական հասարակության ենթագիտակցության մեջ կա հեղափոխական տրամադրվածություն, որը հենց ինքը՝ իշխանությունն է ներդրել իր ինքնագոհ քաղաքականությամբ: Արաբական երկրներում տարածվող հեղափոխությունների պես անկայունությունը կարող է հանկարծակիորեն թակել Ադրբեջանի դուռը: Հոգեբանը նշում է. «Ի տարբերություն արաբական երկրների՝ մենք դեռ որոշակի գումար ունենք: Լավ թե վատ, մենք բոլորս էլ ապրում ենք, չենք մահանում և բավարարում ենք մեր նվազագույն պահանջմունքները: Երբ այդ գումարը վերջանա, իսկ այն վաղ թե ուշ կվերջանա, կշատանա կոռուպցիան, իսկ այդ դեպքում մեկ կայծը նույնիսկ բավական կլինի»:
Հասարակության այդպիսի տրամադրվածությունը և վախը պայմանավորված են ավտորիտար իշխանությամբ: «Եթե մենք վերլուծենք բոլոր ավտորիտար ռեժիմների սցենարները, մենք կտեսնենք որ դրանք նման են մեր հասարակությանը: Ավտորիտար առաջնորդներն ունեն միևնույն հոգեբանությունը, և նրանք իրենց միշտ ավելի հզոր են զգում: Եթե Դուք ինձ սկսեք անվերջ գովաբանել, ինձ դա այդքան էլ դուր չի գա, ես կսկեմ ինձ վատ զգալ: Իսկ ավտորիտար անձանց դա դուր կգա, - նշում է ադրբեջանցի հոգեբանը, - Մեր իշխանությունն իրեն էլիտա է համարում, այսինքն՝ նրանք ազնվական են: Նրանք կարծում են, թե հասարակության վերին շերտն են, անձեռնմխելի են: Նրանք իրավունք ունեն միայն լավը տեսնել, իսկ մեր ժողովորդն իրենց համար սև ամբոխ է: Ի՞նչ ենք մենք տեսնում օդանավակայանի ճանապարհին: Մենք գեղեցիկ հարդարում ենք տեսնում: Ինչո՞ւ: Որովհետև էլիտան պետք է միայն ամենալավը տեսնի: Եթե նրանք ինչ-որ տգեղ բան տեսնեն, իրենց տրամադրությունը կփչանա»:
Իսկ սովորական մարդկանց, հոգեբանի խոսքերով, Ադրբեջանում չեն հարգում: «Ոչ մի կերպ չեմ կարող մոռանալ Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ տեղի ունեցած վայրենությունը: Հայտնի ծաղիկների տոնից հետո ներս թողեցին սոված և կատաղի ամբոխը, որպեսզի վերջինս նույնպես կարողանան «վայելել արքայական սեղանի մնացորդները»: Ինչո՞ւ եմ ասում «ներս թողեցին»: Հուշարձանի շուրջ միշտ անվտանգության աշխատակիցներ են շրջում և թույլ չեն տալիս, որ մարդիկ մոտենան արձանին: Եվ հանկարծ այդպիսի բարբարոսություն: Դա իշխանական մանիպուլացիաների համար լավ «շոու» էր, որպեսզի նրանք կարողանան ասել. «Եվ դուք այսպիսի վայրենիների համար ուզում եք ժողովրդավարություն հաստատել»:
Հոգեբանը համոզված է, որ Ադրբեջանի հասարակության մեջ վախ կա, որի պատճառով էլ ոչ ոք չի ցանկանում պայքարել: Ավելին, մարդիկ իշխանության մանիպուլացիաներին տրվում են կրթության և տեղեկատվական այլընտրանքի բացակայության պատճառով: