Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի մասին «Կարմիր խաչ»-ում այսօր էլ տեղյակ չեն
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակը շարունակում է լռել Ադրբեջանի տարածքում միամտաբար հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մասին: «Մենք որևէ կապ չունենք Ադրբեջանում մեր գործընկերների հետ և որևէ տեղեկություն զինծառայողի մասին չենք ստացել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին փոխանցեցին «Կարմիր խաչ»-ի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակից:
Կինը, որը չցանկացավ ներկայանալ, սակայն ասաց, որ պատասխանատու է լրատվության հետ կապերի համար, մեր բազմաթիվ հարցերին պատասխանում էր կարճ և միայն մեկ բան` «Նորություն չունենք»:
Նախօրեին նույն միջազգային կազմակերպության գրասենյակից մեզ պատասխանել էին, որ Ադրբեջանում Ռամադանի օրերի կապակցությամբ հանգստյան օրեր են և այդ պատճառով էլ չեն կարող պաշտոնական տեղեկություն իմանալ:
Նշենք, որ Ռամադանը մեկնարկել է հուլիսի 20-ից և կավարտվի այսօր:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ըստ պաշտոնական հաղորդագրության օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Հակոբ Ինջիղուլյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից է, ինչպես գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն էր Panorama.am-ին ասել, նրանց ընտանիքում անհանգիստ են ու սպասում են, որ հարցը կլուծվի:
Կարդացեք նաև`
Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողը զենքով չի եղել. Ընտանիքն անհանգիստ վիճակում է
Կարմիր խաչում զինծառայողի մասին տեղեկություն չունեն. Արդբեջանում ոչ աշխատանքային օր է
Զինծառայողը հայտնվել է ադրբեջանական տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին