Հայաստանի ընդերքի հարստությունը կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար
Հայաստանի ընդերքի հարստությունը` հանքավայրերում օգտակար հանածոների արժեքը կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար: Նման հաշվարկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԳԱԱ տեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը` այդպիսով ցրելով այն մտայնությունը, թե Հայաստանը բնական ռեսուրսներից աղքատ երկիր է: Նա ասաց, որ հաշվարկը կատարել է ներկայումս թանկարժեք տարրերի և մետաղների միջազգային շուկայական գների հիման վրա:
Օրինակ, ըստ Ավագյանի, Քաջարանի հանքավայրի վերջին ուսումնասիրությունների արդյունքում ընդերքում հայտնաբերվել է սկանդիում, որի մեկ տոննան արժե ավելի քան 5 մլն դոլար: Բացի այդ, նույն հանքավայրում հայտնաբերվել են նաև թանկարժեք այլ հանածոներ, ինչպես վանադիում, կապար, ցինկ, պիրիտ:
Միևնույն ժամանակ, ըստ Ավագյանի, Հայաստանի հանքանյութերից ամենատարածվածը երկաթի հանքավայրն է, որոնք դեռ չեն շահագործվում։ «Մենք ունենք երկաթաքարի վեց հանքավայր, դրանցից չորսն արդեն ուսումնասիրվել են, և դրանց արժեքը գնահատվում է ավելի քան 2,5 տրիլիոն դոլար», նկատեց երկրաբանը` հիշելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին, որի «թեթև ձեռքով» երկաթի հանքավայրերը տրվեցին չինացիներին:
Ընդհանրապես, գիտնականի հաշվարկով Հայաստանում շահագործվող հանքավայրերից ստացվող շահույթի ընդամենը շուրջ 20%-ն է գնում պետական բյուջե, իսկ մնացած 80%-ը մնում է շահագործող օտարերկրյա ընկերություններին: Ըստ Ավագյանի, դա սխալ է, և պետությունը պետք է իր ձեռքը վերցնի այդ գործը: «Չի կարելի շահութաբեր ձեռնարկությունը տալ մասնավորի ձեռքը: Դրանք պետք է պետությունն ինքը շահագործի, որ ողջ շահույթը մնա ժողովրդին», - նկատեց նա:
Գիտնականը նաև պարզել է, որ ոսկու բազմամետաղային հանածոների խոշոր ծավալ կա Սոտքի հանքավայրում, որը գնահատվում է ավելի քան 74 մլրդ դոլար։
«Հետախուզված հանքավայրերի մեծ մասը պիտի շահագործվի։ Սակայն Հայաստանում հանքավայրերի շահագործման դեպքում կորզվում է մետաղների միայն 60-70 տոկոսը, մինչդեռ պետք է կորզվեր ավելի քան 94 տոկոսը։ Չկորզված մետաղները թափվում են պոչամբարներ, որը մեծ կորուստ է, և միևնույն ժամանակ վտանգավոր է շրջակա միջավայրի և առողջության համար»,- հավելեց երկրաբանը։