Առայժմ հայտնի չէ` ինչով է զբաղվելու Նարեկ Սարգսյանի ղեկավարած հիմնարկը
«Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչությունն առանձնանալու է և այդ վարչության բազայի վրա ինքը մասնագիտական շատ այլ խնդիրներ ևս համակարգելու է։ Այդ բոլոր հարցերի պատասխանը մի 15-20 օրից կլինի, որովհետև հիմա կանոնադրություն է մշակվում և կառուցվածքը»,- այսօր Շինարարի օրվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Tert.am-ին ասել է Հայաստանի կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նորանշնակա ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանը հիշեցրել է, որ կոմիտեն մինչև 1995թ-ը գործել է, որից հետո միայն միացել է քաղաքաշինության նախարարությանը։ «Այսինքն, քանի որ հիմա այդ առումով խնդիրներ կան՝ նպատակահարմար է գտնվել նորից առանձնացնել և այս ոլորտին առնչվող բոլոր խնդիրներն ավելի լուրջ հիմքերի վրա դնել, սա է հիմանական խնդիրը»,- ասել Սարգսյանը։
Այնուհետև արդեն լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել է, թե ժամանակը ցույց է տվել, որ միավորվելուց հետո տեղական ինքնակառավարման մարմինների օրենքներում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ «Հանրապետության քաղաքների գլխավոր ճարտարապետների միայն 25%-ն ունի ճարտարապետի դիպլոմ։ Ես դեռ միայն խոսում եմ դիպլոմի մասին և ոչ թե կարողությունների մասին, դա արդեն ինքնին նշանակում է, որ դաշտն ընդհանրապես տարալուծվել է և նորմալ չի գործում»,- ասել է նա։
Նարեկ Սարգսյանը նշել է, որ նախկինում այդ բոլոր գլխավոր ճարտարապետները ենթարկվում էին հենց կոմիտեին։ «Նախկինում ենթարկվում էին նրանք, հին բառերով ասած, Ճանշինկոմին, շատ խնդիրներ կան, որոնք կառավարության մեջ տարբեր գերատեսչությունների մոտ տարբեր խնդիրներ կարող են առաջացնել։ Կոմիտեն կարող է լիարժեք ներկայացնել մասնագիտական կարողությունները, բացի այդ քաղաքները չունեն քաղաքաշինական կանոնադրություններ, այդ խնդիրը ևս պետք է լուծվի»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները