Աբդուլահ Գյուլ. Եգիպտոսում ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար ազդել ողջ տարածաշրջանի վրա
Եգիպտոսի իշխանությունները պետք է անհապաղ սկսեն հասարակության և բոլոր քաղաքական ուժերի համախմբման գործընթաց՝ կյանքի ժողովրդավարական նորմերին վերադառնալու և նոր ընտրություններ անցկացնելու նպատակով: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը «Financial Times» բրիտանական թերթում տպագրված իր հեղինակային հոդվածում:
«Առաջին անգամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Եգիպտոսի նախագահի տապալումը վկայեց երկրի զարգացման խափանման մասին: Առաջացած խնդիրները պետք է լուծվեին ժողովրդավարական մեխանիզմների միջոցով: Այժմ Եգպիտոսում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ, որը չի կարող երկար շարունակվել: Հասարակության հետագա հատվածականությունը բացասաբար կազդի ինչպես Եգիպտոսում, այնպես էլ ողջ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա»,- նշել է Ա. Գյուլը:
Թուրքիայի նախագահը առաջարկել է Եգիպտոսում իրավիճակը կայունացնելու համար կատարել հետևյալ չորս քայլերը. առաջին՝ անհապաղ վերադարձ դեպի ժողովրդավարություն, երկրորդ՝ ապագա ընտրություններում բոլոր քաղաքական ուժերի մասնակցություն, երրորդ՝ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և այլ քաղաքական գործիչների ազատ արձակում, և չորրորդ՝ հրաժարվել իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են նոր զոհերի հանգեցնել:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալվել է հուլիսի 3-ին: Հուլիսի 26-ին հայտնի է դարձել, որ Մուրսին ձերբակալվել է 15 օրով և նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության ու դավադրության համար, որն իրականացվել է «ՀԱՄԱՍ» շարժման հետ միասին:
Մուրսիին կասկածում են նաև ոստիկանների ու զինվորականների սպանությունների և առևանգումների մեջ: Մայրաքաղաք Կահիրեում Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց զոհ է դարձել մոտ 100 մարդ: