Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «ZIK» ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից նախագահի պաշտոնի լիազորությունների ավարտից հետո:
«Ես շարունակելու եմ մնալ քաղաքականության մեջ: Զգում եմ, որ ունենք մեծ ներուժ, շատ մեծ ակտիվ համախոհներ: Կարևորն այն է, որ կան խոշոր նախագծեր, որ դեռ չենք ավարտել»,- նշել է Մ. Սաակաշվիլին:
Խոսելով կառավարությունում աշխատելու հնարավորության մասին՝ Վրաստանի նախագահը ասել է, որ կհամաձայնի դրան միայն այն դեպքում, եթե հնարավորություն ունենա իրականացնել «մեծ նախագծեր»: Վրաստանի կառավարման համակարգում ներկա իր դիրքը բնութագրելիս՝ նա փաստել է, որ դա ավելի շատ նման է պատվավոր թոշակառուի կարգավիճակին:
«Ահա նստած եմ գրասենյակում: Առանձնապես բան չկա անելու»,- ասել է Մ. Սաակաշվիլին:
Նշենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: Վրաստանի սահմանադրության համաձայն՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո Մ. Սաակաշվիլին չի կարող առաջադրվել:
Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Մ. Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կորցրեց իշխող դիրքերը և դարձավ ընդդիմություն: Այնուամենայնիվ, Մ. Սաակաշվիլին մնաց նախագահի պաշտոնում՝ չնայած երկրում իր ազդեցությունը էապես նվազեց:
Վրաստանի սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո իշխանությունը երկրում փաստացի փոխանցվելու է խորհրդարանին և կառավարությանը: 2010-ին ընդունված նոր սահմանադրությունը նախատեսում է նախագահի լիազորությունների կրճատում և բաշխում խորհրդարանի ու կառավարության միջև:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ մինչև տարվերջ մտադիր է դուրս գալ քաղաքականությունից և գործունեություն ծավալել ոչ կառավարական, հասարակական ոլորտում՝ նշելով, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո երկրում կստեղծվի նոր իրավիճակ, ու այլևս կառավարությունն իր օգնության կարիքը չի ունենա: