Ալավերդիում օդի աղտոտվածությունը թույլ չի տալիս անգամ հղիանալ
Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը Խորհրդային Միությունից ենք ժառանգություն ստացել, իսկ հիմա այն շահագործում է «Մանեքս-Վալեքս» ընկերությունը՝ սեփականության իրավունքով: Շարունակ բնապահպաններն ու տեղի բնակիչները բարձրաձայնում են, որ էկոլոգիական ռիսկերը վերացված չեն, որոնք բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի աղտոտման առումով:
«Հրապարակ»-ի խմբագրություն են դիմել տեղի բնակիչները՝ բողոքելով օր ու գիշեր իրենց ուղեկցող այդ խնդիրներից: «Նախկինում էկոլգիական պայմանները որոշ չափով ստեղծված էին, տիտանից պատրաստված ֆիլտրեր կային, որոնք կոմբինատը սեփականցնելուց հետո, կտրատեցին և վաճառեցին» ասել են ալավերդցիները: Նաև նշել են, որ քաղաքը ձորի մեջ է գտնվում, և խոնավ եղանակին գազային թունավոր արտանետումները ծանրանում նստում են քաղաքի վրա: Իսկ ըստ բժիշկների, հանրապետությունում ուռուցքով հիվանդների ամենաբարձր ցուցանիշը հենց Ալավերդիում է նկատվում. «Հղիության շրջանում հաճախ են լինում վիժումներ, և կանայք գերադասում են այդ ժամանակահատվածը Կիրովականում անցակցնել որպեսզի անվտանգ լինի»,-նշել են բնակիչները:
«Վերջերս գործարանն իր ծխնելույզը շատ բարձրացրեց և դա ներկայացրեց որպես բնապահպանական լուծում, դա իրականում խնդիրը չի լուծում, պարզապես արտանետումների շառավիղն է մեծանում, շրջակա միջավայրն է ավելի լայնանում»,- իր հերթին ավելացրել է բնապահպան Կարինե Դանիելյանը: