ԻԻՀ Մեջլիսի պատգմավորը դժգոհ է Հասան Ռոհանիի կառավարության կազմից. Ընդամենը ատրպատականցի երկու նախարար է ներկայացվել
«Հասան Ռոհանին կառավարության կազմն ընտրելիս համամասնությունը չի պահել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Հասան Նեժադը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով օրերս ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի ներկայացրած կառավարության կազմին, մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ ուսումնասիրեք պարոն Ռոհանիի խոստումները, որոնք տա տվել է Թավրիզի բնակչության հետ հանդիպման ժամանակ, ակնհայտ կդառնա, որ կառավարության կազմն ընտրելիս համամասնությունը չի պահպանվել: Իրանի 25 միլիոնանոց ազարիալեզու (թյուրքալեզու) բնակչության համար ընդամենը երկու ատրպատականցի նախարար է առաջադրվել»:
Իրանական «էնթեխաբ.իռ» կայքի մեկնաբանն էլ անդրադառնալով նոր կառավարության կազմին նշում է, որ ըստ ծննդավայրի՝ ծնունդով սեմնանցի երկրորդ նախագահի (և Հասան Ռոհանին և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ծնվել են Իրանի Սեմնան նահանգում) կառավարությունում թեհրանցիները, իսֆահանցիները և թավրիզցիները ամենամեծ դերը կունենան կառավարության գործունեության մեջ:
Հավելենք, որ ս.թ. օգոստոսի 5-ին Հասան Ռոհանին Մեջլիսի հաստատմանը ներկայացրեց կառավարության անդամներին: ԻԻՀ սահմանադրության 133 հոդվածի համաձայն՝ Մեջլիսի կողմից վստահության քվե ստանալուց հետո միայն նախարարները կարող են անցնել իրենց պարտականությունների կատարմանը:
Հասան Ռոհանիի կառավարության անդամներն են՝
Նավթի նախարար՝ Բիժան Նամդար Զանգանե
Ներքին գործերի նախարար՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազալի
Էկոնոմիկայի նախարար՝ Ալի Թիբ Նիա
Տեղեկատվության նախարար՝ Սեյյեդ Մահմուդ Ալավի
Էներգետիկայի նախարար՝ Համիդ Չիթ Չիան
Պաշտպանության նախարար՝ Հոսեյն Դեհղան
Առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար՝ Մոհամմադ Ռեզա Նեեմաթզադե
Գյուղատնտեսության նախարար՝ Մահմուդ Հոջաթի
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար՝ Ալի Ռաբիի
Քաղաքաշինության և տրանսպորտի նախարար՝ Աբբաս Ախունդի
Կրթության նախարար՝ Մոհամմադ Ալի Նաջաֆի
Առողջապահության նախարար՝ Սեյյեդ Հասան Ղազիզադե Հաշեմի
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար՝ Մասուդ Սոլթանիֆար
Արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Արդարադատության նախարար՝ Հոջաթ օլ-էսլամ Փուր Մոհամմադի
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար՝ Ալի Ջենաթի
Կապի նախարար՝ Մահմուդ Վաեզի
Գիտության նախարար՝ Ջաաֆար Մեյլի Մոնֆարեդ
Նախորդող հրապարակում՝
Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները. Իրանագետի մեկնաբանությունը