Ողբերգական դեպք «Մանանա Գրին» ՍՊԸ-ի քարհանքում. Տուժածի վիճակը ծանր է
Նախօերին հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Արարատի մարզում. քարի հանքերից մեկում հողի շերտը պայթեցնելու պահին քարի խոշոր բեկորներից ստացած մարմնական ծանր վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հանքի աշխատակից 34-ամյա Վահան Գրիգորյանը: Նա Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ է:
«Էրեբունի» ԲԿ տնօրեն Ռոստոմյանի խոսքով, երիտասարդի վիճակը այս պահին գնահատվում է կայուն, նա գիտակցության է եկել, սակայն դեռևս շնչում է շնչառական ապարատի օգնությամբ: Նա «մեծ ծավալի» ծանր վիրահատության է ենթարկվել: «Քարաբեկորի ուժգին հարվածից կոտրվել են կողոսկրերը և վնասվել է թոքը: անմիջապես վիրահատվել է: Այս պահին վիճակը գնահատում ենք կայուն, հիվանդը եկել է գիտակցության, բայց դեռևս կշարունակի շնչել շնչառական ապարատի օգնությամբ», -ասաց Ռոստոմյանը:
Նշենք, որ հանքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, պատկանում է «Մանանա Գրին» ՍՊԸ-ին: Ի դեպ, մարզի քարի հանքերից մեկում օրերս ևս ողբերգական դեպք էր գրանցվել. Քարաբեկորն ընկել էր Ավշար գյուղի 48-ամյա մի բնակչի գլխին, որը տեղում մահացել էր:
Մարզի բնակիչները Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում էին, որ մարզի հանքերում չեն պահպանվում անվտանգության կանոնները, ինչի հետևանքով մարդկանց մահերի դեպքերն հաճախակի են դարձել:
Ի դեպ, այս դեպքերի մասին ոչ ոստիկանության և ոչ էլ ԱԻՆ լրատվական ծառայությունները պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները